Մամիջանյանը Փաշինյանին խորհուրդ է տալիս ուսումնասիրել բռնապետների հեռանալու պատմությունը

Հայկ Մամիջանյան
Հանրապետական կուսակցությունը շարունակելու է միանալ բոլոր այն ակցիաներին, որոնք հակափաշինյանական և պրոհայկական են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհուրդ է տալիս ուսումնասիրել պատմությունը և թե ինչպես են տարբեր ժամանակներում բռնապետները հեռացվել իշխանությունից։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նա Փաշինյանին առաջարկեց ուսումնասիրելուց հետո ընտրել իր ճակատագիրը։
«Յուրաքանչյուր վայրկյանն ավելի մեծ վնաս է հասցնում հայկական երկու պետություններին»,– նշեց Մամիջանյանը` մեկնաբանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխանի Սաղաթելյանի հայտարարությունը, թե հայ ժողովուրդը իրավիճակը փրկելու համար 5-6 ամիս ժամանակ ունի։
Հարցին, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այս պայքարում արդյոք միանալու է ՀՅԴ–ին, Մամիջանյանը պատասխանեց` վերջին տարիներին չի եղել հակափաշինյանական և պրոհայկական այնպիսի ցույց, ակցիա, որին ՀՀԿ–ն չի մասնակցել։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններն իր համար զարմանալի չեն, իրենք դեռ 1 տարի առաջ էին զգուշացնում, որ Փաշինյանը հանձնելու է Արցախը։
Ըստ Մամիջանյանի` իշխանությունների դեմ պայքարել կարող է յուրաքանչյուր անհատ իր տեղում և իր ձևով թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում։
Հիշեցնենք` մայիսի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հստակեցրեց, թե ինչ է նշանակում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կմ տարածքով, և հայտարարեց, որ Ադրբեջանի 86,6 հազար քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Նա ասաց նաև, որ Հայաստանի 29 800 քառ․ կմ տարածքային ամբողջականության մեջ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքը և Տավուշի 6 գյուղերը չեն ներառվում։։