ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի- Sputnik. «Բաց բանկինգը» կարող է օգնել որոշակի սպառողի համար անհատապես ստեղծված ծառայությունների զարգացմանը։ Երևանում կայացած «Ֆինանսների և բաց բանկինգի ապագայի ամրապնդումը» համաժողովում այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
«Բաց բանկինգի» համակարգում ֆինանսական ծառայություններ մատուցողները կարող են հաճախորդների համաձայնությամբ տեղեկատվություն ստանալ իրենց մասին՝ նպատակային ծառայությունները որոշելու համար:
«Բաց բանկինգից» կարող են օգտվել ինչպես բանկերը (տեղեկատվության փոխանակման համար), այնպես էլ երրորդ կողմի կազմակերպությունները: Առաջին դեպքում, օրինակ, բանկը, գնահատելով հաճախորդի վարկունակությունը, ամեն անգամ «ձեռքով» հարցում է կատարում, թե ինչ ավանդներ կան այլ բանկերում։ Վարկերի մասին տվյալները կարելի է ստանալ վարկային բյուրոյից, սակայն եկամուտների (ավանդների կամ ստացվող դրամական փոխանցումների) մասին տեղեկատվությունը մնում է փակ, եթե մենք ինքներս այն չենք բացահայտում:
Եթե Հայաստանում, ինչպես մի շարք երկրներում, open banking-ի կանոններն ընդունվեն, մեր թույլտվությամբ բանկն ավտոմատ կերպով հասանելիություն կստանա այդ տեղեկատվությանը, ինչը սովորական սպառողին խոստանում է ոչ միայն ժամանակի խնայողություն, այլև գործարքների սպասարկման ծախսերի կրճատում:
Երկրորդ դեպքում երրորդ կողմի ֆինանսական տեխնոլոգիաների ընկերությունները կարող են մի շարք ծառայություններ առաջարկել։ Օրինակ՝ խոսքը կարող է լինել նույնիսկ մեսենջերերի միջոցով փոխանցումներով վճարային համակարգի, առցանց ագրեգատորի (որտեղ մեկ պատուհանում մենք տեսնում ենք մեր բոլոր հաշիվները), ինչպես նաև բիզնեսի համար տվյալների մշակման վերլուծական ծրագրերի և անձնական բյուջեի պլանավորման ծրագրերի մասին: ԿԲ-ն կարծում է, որ նման տեխնոլոգիաները թույլ են տալիս զարգացնել մրցակցությունը ֆինանսական ծառայություններում, ինչը նշանակում է, որ դրանք բարձրացնում են որակը:
Կենտրոնական բանկի և կառավարության ռազմավարությունը չի սահմանափակվում ֆինանսական ծառայություններով և բանկերի ու հեռահաղորդակցական ընկերությունների, ինչպես նաև պետական գերատեսչությունների մեծ մասի տվյալների միջև փոխկապակցվածության ստեղծում է ներառում: Այս համակարգերի տվյալների արտահոսքից խուսափելու համար դրանք կտրամադրվեն միայն անվտանգության պաշտպանված համակարգեր ունեցող կազմակերպություններին:
Փոխկապակցված թվային տվյալների էկոհամակարգը ստեղծվում է Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության՝ կազմակերպության հսկողության ներքո։ Կազմակերպությունը համատեղ հիմնել են Հայաստանի Կենտրոնական բանկը և ՀՀ կառավարությունը: Դրա շնորհիվ քաղաքացիները թվային ծառայությունների (և՛ ֆինանսական, և՛ պետական) հեշտ հասանելիություն կստանան։ Միևնույն ժամանակ, օրենսդրական և տեխնիկական մակարդակում պետք է ապահովվի անձնական տվյալների ամբողջական անվտանգությունը։
Գործակալությունը զբաղվում է մարտավարական խնդիրներով (թվային լուծումների ստեղծմամբ և ներդրմամբ), իսկ թվային օրակարգի ռազմավարությունը ձևավորում է միջգերատեսչական խորհուրդը, որը գլխավորում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Խորհրդը պարբերաբար նիստեր է գումարում: