ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik. Ի հեճուկս Արդարադատության միջազգային դատարանի իրավական պարտադիր ուժ ունեցող վճռի` Ադրբեջանի իշխանությունները անցակետ են տեղադրել Լաչինի միջանցքում՝ դրանով պատասխանատվություն կրելով ապօրինի շրջափակման և դատարանի վճիռը չկատարելու համար։ Այս մասին «Զինված հակամարտություններում քաղաքացիական անձանց պաշտպանության» թեմայով ՄԱԿ ԱԽ նիստին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանը շարունակաբար խոչընդոտում է հակամարտությունից տուժած բնակչության կենսական կարիքները հոգալուն ուղղված գործողություններին, և մինչ այժմ հնարավոր չի եղել երաշխավորել ՄԱԿ-ի և իր գործակալությունների ներգրավումը Լեռնային Ղարաբաղում»,– ընդգծել է նախարարի տեղակալը։
Նա շեշտել է, որ հայատյացության և այլատյացության խորացմանն ուղղված քաղաքականությամբ ուղեկցվող այս բոլոր ապօրինի գործողությունները բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները և վերջնական նպատակը՝ Լեռնային Ղարաբաղի բնիկ ազգաբնակչության ամբողջական էթնիկ զտումը։
Վահե Գևորգյանը հույս է հայտնել, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը` որպես միջազգային խաղաղության և անվտանգության համար պատասխանատու առաջնային մարմին, իր մանդատին համահունչ կշարունակի ներգրավված լինել այս հարցում՝ երաշխավորելու քաղաքացիական բնակչության արժանապատվությունը, անվտանգությունը և մարդու հիմնարար իրավունքները։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։