ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Միացյալ Թագավորության` ղարաբաղյան հարցի հետ կապված դիրքորոշումը չի փոխվել. ՄԹ–ն ուզում է համապարփակ խաղաղություն տեսնել հնարավորինս շուտ։ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։
«Մենք միշտ հստակ ասել ենք, որ շարունակական հակամարտությունը կայուն խաղաղության չի կարող հանգեցնել։ ՄԹ–ն կայուն խաղաղություն է ուզում, և դրան հնարավոր է հասնել միայն բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք կփորձենք ազդեցություն ունենալ կողմերի վրա՝ փորձելով այս հարցը հանգուցալուծման տանել»,– ասաց նա։
Դոքերթին նաև շեշտեց, որ ՄԹ-ի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները նույնքան կարևոր են, որքան Հայաստանի հետ հարաբերությունները։
«Փորձում ենք ամրապնդել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցությունը։ Ուրախ եմ հայտարարելու, որ մեկնարկել է ռազմավարական երկխոսության գործընթացը, որը, հուսանք, տեղի կունենա այս տարվա երկրորդ կեսին։ Այն կընդլայնի մեր համագործակցության եզրը։ Հույս ունեմ, որ դրական ընկալում կունենա»,- ասաց Դոքերթին։
ՀՀ արտգործնախարարն էլ նշեց` ռազմավարական երկխոսության մեկնարկը կարևոր է Հայաստանի համար։ Նա հույս հայտնեց, որ դա իր արտացոլումը կունենա նաև բազմակողմ հարթակներում երկկողմ փոխգործակցության հարցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 22-23-ը Հայաստանի Հանրապետությունում կգտնվի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթին։