ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. 2020 թ-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հայկական կողմն անկլավների և Հայաստանի տարածքով միջանցքի անցնելուն վերաբերող հարցերը հանել է և հետո միայն ստորագրել փաստաթուղթը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, սակայն, որ որոշ գործընկերներ իր այս դիրքորոշման հետ համամիտ չեն եղել։
«Կային գործընկերներ, որոնք ասել են` անկլավներով էլ ստորագրի։ Հետագայում այդ մարդկանց մի մասը մեզ դավաճանության մեջ մեղադրեց և մեր հրաժարականը պահանջեց, սակայն դա փաստ է»,– ասաց նա։
Վարչապետը ցավում է, որ այդ խոսակցությունները չեն ձայնագրվել, որովհետև այդ դեպքում շատ մարդիկ շատ բան խոսելու տարբերակ չէին ունենա։
«Մեր քաղաքական թիմից եղել են մարդիկ, որոնք ոչ թե դեմ են եղել իրենց ձայնով, որովհետև այդ հարցը քվեարկության էլ չեմ դրել, որ պատասխանատվությունը չդնեմ նրանց վրա, որոշում եմ կայացրել ու ստորագրել եմ, բայց եղել են մարդիկ, որ էմոցիոնալ առումով դեմ են եղել»,– նշեց նա։
Օրինակներով խոսելով` Փաշինյանը նշեց, որ հայտարարությունը ստորագրելուց առաջ քննարկումներ է ունեցել ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի հետ և այնտեղ են նրան ասել` ոչինչ անկլավներով ստորագրիր։