ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի - Sputnik. ԵՄ երկրների արտգործնախարարները Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ չեն կարողացել որոշում կայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի, ինչպես նաև Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնելու վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն ԵՄ գործընկերների հետ խորհրդակցության ընդմիջման ժամանակ։
«Զենքի մատակարարման հետագա ֆինանսավորման մասին որոշում չի կայացվել։ Պատժամիջոցների մասին որոշում նույնպես չի կայացվել»,- խորհրդակցության ընդմիջմանը հունգարացի լրագրողներին ասել է Սիյարտոն։
ԱԳՆ ղեկավարի խոսքով` Բուդապեշտն Ուկրաինային հատկացվող ռազմական օգնությունը կապել է OTP բանկը «պատերազմի միջազգային հովանավորների» ուկրաինական ցուցակից հանելու պահանջի հետ և դեմ է արտահայտվել պատժամիջոցների 11-րդ փաթեթի մի շարք դրույթների։
Մայիսի 12-ին Սիյարտոն Ուկրաինայից պահանջել էր OTP բանկը հանել «պատերազմի միջազգային հովանավորների» ցանկից։ Ստոկհոլմում, որտեղ անցկացվում էր Եվրամիության նախարարական հանդիպումը, նա նախազգուշացրել էր, որ Հունգարիայի համար, որն ինքն էլ տնտեսական բարդ իրավիճակում է հայտնվել, դժվար կլինի օգնել Ուկրաինային, ինչպես նաև բանակցություններ վարել պատժամիջոցների 11-րդ փաթեթի շուրջ, քանի դեռ OTP-ն ուկրաինական սև ցուցակում է:
Ավելի ուշ նա նշել էր, որ դրա պատճառով Հունգարիան չի աջակցի Ուկրաինային Խաղաղության եվրոպական հիմնադրամից 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության հերթական տրանշի հատկացմանը:
Մայիսի 4-ին Ուկրաինայի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը հունգարական OTP բանկային խումբը ներառել է «պատերազմի միջազգային հովանավորների» ցանկում, քանի որ այն շարունակում է աշխատել Ռուսաստանում: