Ռուսաստանի այս ռազմավարական հաջողությունը ռազմական հատուկ գործողության համար նոր ուղղություններ և սահմաններ է բացում, քայքայում է Արևմուտքի ջանքերն ու Կիևի ռեժիմի ռեսուրսները ռազմական գործողությունների ուկրաինական թատերաբեմում։
«Վագներ» գրոհային ջոկատների հարձակողական գործողությունների արդյունքում, «Հարավային» զորքերի խմբավորման հրետանու և ավիացիայի աջակցությամբ մայիսի 20-ին ավարտվեց Արտյոմովսկ քաղաքի ազատագրումը։ Այս հաղթանակի նշանակությունը շատ ավելի կարևոր է, քան պայքարի աշխարհագրությունը:
Ռուսական ուժերը 224 գրոհային օրվա ընթացքում «Բախմուտի մսաղացում» մինչև 100 հազար ուկրաինացի զինծառայող և հազարավոր միավոր մարտական տեխնիկա են ոչնչացրել, քանդել են լոգիստիկ հանգույցը, զգալիորեն իջեցրել Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժն ու բարոյական վիճակը։
«Բախմուտի ամրոցի» անկումը Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի համար նոր օպերատիվ ուղղություններ և հարձակողական գործողությունների հեռանկարներ է բացում, առաջին հերթին՝ Սլավյանսկ-Կրամատորսկի ուղղությամբ: Արտյոմովսկի ազատագրումը ամբողջ աշխարհին ցույց է տալիս Ուկրաինայի զինված ուժերի «հակահարձակման» դաժան իրականությունը, համոզիչ կերպով ապացուցում ՆԱՏՕ-ի թուլությունը և Կիևին ցուցաբերվող արևմտյան ռազմական աջակցության անիմաստ լինելը։
Անկասկած, Բախմուտի/Արտյոմովսկի կորուստը Կիևի գլխավոր դերասանի մեծ ողբերգությունն է, որը ուկրաինական բանակի գրեթե կեսը զոհաբերեց հանուն Ռուսաստանի դեմ «հաջողակ մարտիկի» իր անձնական արտաքին քաղաքական կերպարի համար, հանուն արևմտյան մատակարարումների և վարկավորման շարունակման։ Այստեղ Կիևի համար մտահոգիչ միտումներ կան։
Ապագայում ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն կարծես թե խոստանում են որոշակի քանակությամբ F-16 կործանիչներ մատակարարել և ուսուցանել Ուկրաինայի զինված ուժերի օդաչուներին: Սակայն կարիք չկա, որ ամերիկյան F-16-ները կրկնեն Patriot ԶՀՀ-ի մարտկոցի ճակատագիրը Կիևում:
ԱՄՆ-ի 375 մլն դոլարի ռազմական օգնության երեկվա «փաթեթն» առանձնապես տպավորիչ չէ. այնտեղ լրացուցիչ 155 մմ և 105 մմ հրետանային արկեր են, HIMARS-ի զինամթերք, Javelin, AT-4, TOW հակատանկային համալիրներ։ Ուկրաինական ռազմադաշտում HIMARS-ները, Javelin-ներն ու այլ համակարգերն արդեն ապացուցել են իրենց անարդյունավետությունը: Ուկրաինայի զինված ուժերի «վերակենդանացման» համար նախատեսված ամերիկյան փողերը սպառվում են, իսկ եթե 375 միլիոն դոլարը վերածենք զինամթերքի, կկազմի ընդամենը 75 հազար հատ 155 մմ-անոց արկ՝ «հակահարձակումից» դուրս Ուկրաինայի զինուժի հրետանու սպառման երկշաբաթյա նորման:
Ռազմական հատուկ գործողության մի քանի հարթությունները
Արտյոմովսկի և ավելի վաղ Սոլեդարի ազատագրումից հետո ռուսական հրամանատարությունը հարձակողական գործողությունների համար օպերատիվ ուղղությունների, մարտավարական որոշումների, ուժերի և կրակային միջոցների լայն ընտրություն ունի։ Ընկած «Բախմուտի ամրոցից» ոչ հեռու գտնվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից ժամանակավոր օկուպացված այլ բնակավայրեր, որոնք վերածվել են խոշոր ամրացված շրջանների՝ Չասով Յար, Տորեցկ, Կոնստանտինովկա, Դրուժկովկա, Սլավյանսկ, Կրամատորսկ։
Ռուսական զորքերը շարունակում են գերճշգրիտ հրթիռային զենքով ոչնչացնել Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմը, մարտական տեխնիկան, օբյեկտները, զինանոցներն ու վառելիքի պահեստները առաջնագծում և հակառակորդի օպերատիվ թիկունքի ողջ խորությամբ, նշված քաղաքներում, ինչպես նաև Նիկոլաևում և Օդեսայում, Դնեպրոպետրովսկում և Խարկովում:
Արտյոմովսկից դեպի հյուսիս և հարավ ընկած թևերում ուկրաինական «հակահարձակման» տեղում դոփելուց հետո Կիևի ռեժիմը դեռ չի կոմնորոշվել, թե որտեղ է շարունակելու ինքնասպանական «Drang nach Osten»-ը։ Ուկրաինայի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Զելենսկին Ճապոնիայում Հիրոսիմայի պատմությունն է ուսումնասիրում։ Ուկրաինայի ԶՈւ-ի որբացած հրամանատարությունը սովորականի պես բողոքում է Ռուսաստանի «կլիմայական զենքից»։
Ուկրաինայի հետախուզության գլխավոր վարչությունը հուսահատ փորձեր է անում, որպեսզի ռուսական առանձին շրջաններում իրականացված դիվերսիաների միջոցով ուկրաինական և միջազգային հանրության ուշադրությունը շեղի ռազմավարական ձախողումից և «Բախմուտի ամրոցի» խայտառակությունից։ Այսօր ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայությունը և ՌԴ պաշտպանության նախարարությունը Բելգորոդի մարզում օպերատիվ կերպով ոչնչացրել են ուկրաինացի դիվերսանտներին։
Հավաքական Արևմուտքը աջուձախ է նետվում երկու կրակի՝ Ռուսաստանի հասցեին սպառնալիքների և աշխարհի ամենահզոր միջուկային տերությունից վախի միջև. ուզում է հնարավորինս արագ ավարտել քամող ուկրաինական հակամարտությունը (Վաշինգտոնի պայմաններով) և չի ցանկանում «վերահսկվող էսկալացիան» վերածել ՆԱՏՕ-ի տարածքում (ներառյալ ԱՄՆ-ի հյուսիսամերիկյան տարածքը) լայնամասշտաբ ռազմական գործողությունների։
Արևմուտքին ընդհանուր առմամբ ձեռնտու է միջուկային մոխրով ծածկված ուկրաինական տարածքը, միայն թե այդ նախագիծն անպատիժ իրականացնելու համար ուժեր և միջոցներ չկան։
The American Conservative պարբերականը նշում է. «Ձգձգված հակամարտության ծախսերն ու ռիսկերը, երբ Ռուսաստանն ավելի ու ավելի անտագոնիստական և հուսահատ դառնա, խոշոր կլինեն, հատկապես ֆինանսապես կաշկանդված և քաղաքականապես անկայուն Ամերիկայի համար»: Ուստի առավելագույնը, որ Վաշինգտոնը կարող է առաջարկել Ուկրաինային ՆԱՏՕ-ին անդամակցելու փոխարեն, «իսրայելական մոդելի» անվտանգության երաշխիքներն են․ ԱՄՆ-ի զենքի մատակարարումը (փողի դիմաց)՝ առանց դաշինքի հավաքական պաշտպանական պարտավորությունների։
Միաժամանակ ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր չեն կարողացել որոշում կայացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթի և Խաղաղության եվրոպական հիմնադրամից Ուկրաինային նոր ռազմական մատակարարումներ տրամադրելու վերաբերյալ: CNBC հեռուստաալիքի տվյալներով՝ եվրոպացի պաշտոնյաները սուսուփուս պատրաստվում են 2024 թվականի ընտրություններում Բայդենի պարտությանը և մտահոգված են, որ ստիպված կլինեն «լուծել Ուկրաինայի խնդիրը» առանց ԱՄՆ-ի:
Ամերիկացի քաղաքական մեկնաբան Ջեքսոն Հինքլը ամփոփում է. «Բախմուտն ընկավ, հաջորդը Չասով Յարն է։ Զալուժնին ծայրահեղ վիճակում է։ Գարնանային հակահարձակումը չսկսվեց։ Ուկրաինան ցնցող թվով մարդկանց է կորցրել։ Զելենսկին մուրացկանություն է անում ամբողջ Արևմտյան Եվրոպայում»։ Ըստ Newsweek-ի դիտարկումների՝ ուկրաինական ռազմադաշտում ձևավորվում է Ռուսական նոր բանակը՝ առավել փորձառու, կոշտ և առաջվա պես լավ համալրված ու զինված։ ՆԱՏՕ-ի արևելյան թևում դաշինքի զորքերը պատրաստվում են ՌԴ-ի դեմ առճակատման։
Ուկրաինան դեռ «հնարավորություններ է տեսնում ավերակների մեջ», սակայն Արևմուտքը չի կարող խոսել Ռուսաստանի հանդեպ վիրտուալ հաղթանակի մասին՝ արհամարհելով ձևավորված դաժան իրականության մեջ Կիևի խամաճիկների ողբերգական դրությունը։ Ռուսաստանի ռազմական հատուկ գործողությունը շարունակվում է։
Բաժանորդագրվեք ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրոլենկոյի Telegram-յան ալիքին։