ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. 12 մարդ զոհվել է Սալվադորում «Կուսկատլան» ֆուտբոլային մարզադաշտում «Ալյանս» և ՖԱՍ թիմերի խաղի ժամանակ: Տեղեկությունը հայտնել է երկրի նախագահ Նայիբ Բուկելեի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, հաղորդվում է մոտ 90 տուժած երկրպագուների մասին։
«Առողջապահության նախարար Ֆրանցիսկո Ալաբին հայտնում է, որ մոտ 90 մարդու օգնություն է ցուցաբերվում «Կուսկատլանում» տեղի ունեցածի կապակցությամբ», - հավելել է մամուլի ծառայությունը:
Մայրաքաղաքի մարզադաշտի մուտքերից մեկում հրմշտոցը, ոստիկանության տվյալներով, հրահրել են երկրպագուները, որոնք փորձել են հայտնվել տրիբունայում: Հանդիպումը դադարեցվել է: Սալվադորի նախագահի մամուլի ծառայությունից հայտնել են, որ միջադեպի պատճառը կեղծ տոմսերի վաճառքն էր։ Հիասթափված երկրպագուները փորձել են ուժով տրիբունաներ ներխուժել:
Տեղական ԶԼՄ-ները, հղում անելով ականատեսներին, հայտնել են, որ ողբերգական իրադարձություններից առաջ ոստիկանությունը երկրպագուների դեմ մարզադաշտի մոտ արցունքաբեր գազ է կիրառել, ինչն էլ հրմշտոց է առաջացրել: