ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. 44–օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայր Գայանե Հակոբյանին կալանավորելու դատարանի որոշումը փաստաբանները վաղը կբողոքարկեն Վերաքննիչ քրեական դատարանում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց փաստաբան Վահան Հովհաննիսյանը:
«Այժմ մենք աշխատում ենք բողոքի վրա։ Վաղը ժամը 9։00-ին բողոքը մուտք կանենք դատարան»,-ասաց նա:
Նրա խոսքով` իրենց համար անհասկանալի էր, քանի որ միջնորդության ընթացքը, քննարկման ընթացքը չէր կարող հանգեցնել նման որոշման կայացման։ Միջնորդության բուն ընթացքը ցույց տվեց, որ կալանքի հիմքերը ամբողջությամբ բացակայում են։
Վահան Հովհաննիսյանը տեղակեցրեց նա, որ Գայանե Հակոբյանի առողջական վիճակը այս պահին բավարար է։
Նշենք, որ մայիսի 20–ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը` Ժորա Չիչոյանի նախագահությամբ, մերժեց Գայանե Հակոբյանի ձերբակալության իրավաչափությանը վերաբերող բողոքը, և նա 1 ամսով կալանավորվեց։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։
Մայիսի 20-ին՝ Գայանե Հակոբյանի կալանավորման որոշումից հետո 44–օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները երթով Արշակունյանց պողոտայով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ ու անժամկետ նստացույց հայտարարեցին. նրանք պահանջում են ազատ արձակել Գայանե Հակոբյանին։ Հավելենք, որ վերջինս երեկ դադարեցրել է հացադուլը։