Պլաստիկ վիրաբույժ Սիրուն Մինասի երակներով հայի և աֆրիկացու արյուն է հոսում։ Նա Հայաստանում հայտնի դարձավ տեղական հեռուստաալիքներից մեկի հումորային շոուին մասնակցելու շնորհիվ։ Նրա էկզոտիկ արտաքինը, հայերենին ազատ տիրապետելն ու հումորի նուրբ զգացումը շատերին գերեցին։
Սիրուն Մինաս
© Sputnik / Andranik Ghazaryan
Սակայն հայկական մտածելակերպն ու լեզվի իմացությունը օդից չեն հայտնվել. Սիրունն իսկապես ծնվել է Աֆրիկայում, բայց մեծացել է Հայաստանում: Նրա հայրը՝ Աշլի Մինասը, հնդկահայ է, մայրը՝ Ֆլորա Մինասը` նիգերիացի։ Սիրունի ապագա ծնողները հենց Նիգերիայում էլ ծանոթացել են։ Աշլին` որպես բժիշկ, այնտեղ է մեկնել Կարմիր խաչի կոմիտեի հետ։ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո որոշել է տեղափոխվել պատմական հայրենիք և օգնություն ցուցաբերել։ Բայց բյուրոկրատական խնդիրների պատճառով չի կարողացել, և միայն 90-ականներին է հաջողվել ընտանիքի հետ գալ Հայաստան։
«Հայրս երբեք այստեղ չէր եղել և միայն ուրիշների պատմածներով գիտեր երկրի մասին։ Երբ մորս պատմում էր Հայաստանի մասին, որպես Շվեյցարիա էր ներկայացնում։ Բայց հենց եկան այստեղ, մայրս հասկացավ, որ սխալ պատկերացում է ունեցել։ Հայրիկիս որպես բժիշկ գործուղել էին Մեղրի, որն իհարկե շատ գեղեցիկ քաղաք է, բայց մութ ու ցուրտ 90-ականներին Երևանից այնտեղ տանող ճանապարհն այնքան էլ Շվեյցարիա չէր հիշեցնում», - ասում է Սիրունը։
Սիրուն Մինաս
© Andranik Ghazaryan
Մանկություն
Սիրունի հիշողության մեջ Մեղրին մնացել է որպես երջանիկ ու անհոգ մանկության վայր։ Ո՛չ արտասովոր արտաքինը, ո՛չ լեզվական պատնեշը չեն խանգարել, որ նա ու կրտսեր եղբայրը` Վանիկը, ընկերանան տեղացի երեխաների հետ։
«Առավոտից երեկո խաղում էինք, ընդ որում՝ հիվանդանոցի տարածքում, որի շենքերից մեկում էին մեզ բնակեցրել։ Մեր խաղերը հաճախ ուղեկցվում էին բուժքույրերի դիտողություններով։ Նրանք պատուհաններից բղավում էին. «Էրեխե՜ք, մի քիչ կամաց, վիրահատված հիվանդ ունենք»։ Իհարկե, լռությունը երկար չէր տևում», - խոստովանում է Սիրունը։
Խտրականություն եղե՞լ է
Խոսելով ռասայական խտրականության դեպքերի մասին՝ Սիրունը խոստովանում է, որ ինչ-որ չափով առնչվել է դրան: Միևնույն ժամանակ ընդգծում է, որ հայերին հատուկ է անգամ հենց իրենց ըստ մարզերի բաժանելը (շիրակցիների, լոռեցիների և այլն), ուստի միանգամայն բնական է համարում, որ իրենց նկատմամբ էլ է որոշակի վերաբերմունք եղել։ Սակայն, Սիրունի խոսքով, նման երևույթները, էպիզոդիկ բնույթ են կրել, և դրանց հաղթահարելու գործում առաջին հերթին օգնել են ծնողները։
«Խտրականության դեպքում կարևոր են ոչ այնքան արտաքին դրսևորումները, որքան քո անձնական արձագանքը և բացասական երևույթի նկատմամբ քո վերաբերմունքը։ Գալիս է մի պահ, երբ սկսում ես դրան շատ հանգիստ նայել։ Իրականում խտրականության դրսևորումները հաճախ պայմանավորված են միայն հետաքրքրասիրությամբ։ Պարզապես մարդը ոչ միշտ է կոռեկտ արտահայտում այդ հետաքրքրասիրությունը», - ասում է Սիրունը։
Ինչ վերաբերում է Հայաստանին և Նիգերիային, նա նշում է, որ այս երկու երկրների մշակույթի ու մտածելակերպի միջև այնքան կտրուկ տարբերություն կա, որ դրանք կարելի է երկու տարբեր աշխարհներ անվանել: Միևնույն ժամանակ այս երկու աշխարհներն էլ հավասարապես հոգեհարազատ են նրան, և երկուսն էլ գեղեցիկ են իրենց գույներով:
Սիրուն Մինաս
© Sputnik / Andranik Ghazaryan
Ամուսնու մասին
Հարցին, թե հատկապես ինչով է գրավել Ռաֆայել Վարդանյանը, Սիրունը պատասխանում է. «Մենք միանգամից ընկերացանք. ընդհանուր նպատակներն ու երազանքները մեզ շատ մտերմացրին։ Ինձ համար կարևոր է, որ ամուսիններն ընդհանուր նպատակներ ունենան, կամ գոնե նրանցից մեկի նպատակները մյուսի համար անհեթեթ չլինեն։ Եղել է, որ ինչ-որ մեկի հետ խոսել եմ իմ գաղափարների մասին, ինձ ասել է` դրանք իրականացնելու համար հայրդ պիտի օլիգարխ լինի։ Իսկ Ռաֆայելը այլ կերպ է արձագանքել. «Հրաշալի բան ես ասում։ Մենք կարող ենք դա միասին անել...»։ Ու ես հասկացա, որ նա այն մարդն է, որի հետ կարող եմ երազել, խոսել, շփվել, հասկացա, որ մեր տեսակետները համընկնում են»:
Էսթետիկ բժշկության նրբությունները
Սիրունի ղեկավարած էսթետիկ բժշկության կենտրոնում հաճախ մերժում են նրանց, ովքեր ուզում են շտկել իրենց արտաքինը։ Նրա խոսքով՝ դա լինում է այն դեպքում, երբ մարդու որոշումը թելադրված է ոչ թե օբյեկտիվ ցուցումներով, այլ ուղղակի հոգեբանական ճնշման հետևանք է։
«Մեր առաքելությունն է ժամանակի կամ այլ պատճառներով փոխված արատները շտկելը, ոչ թե Աստծո ստեղծածին միջամտելը։ Չէ՞ որ Աստված ամեն մարդու յուրովի կատարյալ է ստեղծում»,- ասում է պլաստիկ վիրաբույժը։
Նրա խոսքով` վերջին շրջանում ավելացել է կոսմետոլոգի ծառայություններին դիմող տղամարդկանց թիվը։ Ընդ որում` հաճախ կանայք են նրանց տանում էսթետիկ բժշկության կենտրոններ։ Տղամարդիկ հիմնականում դիմում են ճաղատության խնդիրը լուծելու, մաշկի խնամքի և մերսման համար։
Բժիշկը ողջունում է տղամարդկանց` ավելի խնամված լինելու ձգտումը։ Նրա կարծիքով՝ դա դրական է ազդում ընդհանուր առմամբ նրանց մտածելակերպի վրա:
Երիտասարդ մնալու հինգ խորհուրդ Սիրուն Մինասից
Մ՛ի՛ դադարեք երազել։ Դա անվճար է:
Իրական նպատակներ դրե՛ք ձեր առջև։ Մենք սովորաբար երազանքը վերածում ենք նպատակի, որպեսզի մեր կյանքն ավելի արդյունավետ լինի:
Անպայման ջուր խմե՛ք: Օրական երկու լիտր:
Արևապաշտպան քսուք։ Ես ամենուր ասում եմ, որ Հայաստանում ամբողջ տարվա ընթացքում պետք է արևապաշտպան քսուք օգտագործել։ Առնվազն SPF30, տոնային քսուքը շատ քիչ է:
Փորձե՛ք երջանիկ լինել, քանի որ երջանկության զգացումը ոչ թե դրսից է գալիս, այլ ներսից։
Սիրուն Մինաս
© Andranik Ghazaryan