Ուկրաինան հուսով է, որ արդեն այս աշնանը F-16 կործանիչներ կստանա

F-16
Ըստ լրատվամիջոցի` Ուկրաինայում ակնկալում են մինչև 50 հատ F-16 կործանիչ ստանալ Արևմուտքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ուկրաինան հուսով է, որ արդեն այս աշնանը F-16 կործանիչներ կունենա։ Այս մասին գրում է «Washington Post»–ը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակին:
«Եթե մենք բոլորս ջանքեր գործադրենք, և որոշումներն արագ ընդունվեն, կարծում եմ` սեպտեմբերի վերջին- հոկտեմբերի սկզբին մենք կկարողանանք տեսնել Ուկրաինայի օդային տարածքում թռչող առաջին F-16-ները»,-մեջբերում է թերթը Սակի խոսքը:
Նշվում է, որ Կիևի սպասվող հակահարձակման շրջանակում կործանիչները չեն կիրառվի, սակայն դրանց մատակարարման մասին որոշումները գլխապտույտ արագությամբ են կայացվում։
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ավելի վաղ հայտարարել էր, որ F-16-ները հակամարտության այս փուլում Կիևի համար ամենաանհրաժեշտ սպառազինությունների թվում չեն:
«Politico» թերթը, հղում անելով Պենտագոնի իր աղբյուրին, գրում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը դեմ չէ Ուկրաինային այլ երկրների կողմից F-16-ների հնարավոր տրամադրմանը: Միևնույն ժամանակ, ըստ աղբյուրի, կործանիչների փոխանցման մասին որոշում դեռ չի կայացվել։
Թերթը, հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարի խորհրդական Յուրի Սակին, հայտնում է, որ Ուկրաինայում հույս ունեն Արևմուտքից մինչև 50 հատ F-16 կործանիչ ստանալ, իսկ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է, որ ռազմական ինքնաթիռների թեման G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովների ուշադրության կենտրոնում լինի:
Հիշեցնենք` նախորդ տարի Մոսկվան ՆԱՏՕ–ի երկրներին նոտա հղեց Կիևի իշխանությունների զենք մատակարարելու պատճառով։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ուկրաինայի համար ռազմական տեխնիկայով բեռնված ցանկացած տեղափոխման միջոց օրինական թիրախ կհանդիսանա ՌԴ բանակի համար։ Ըստ նրա` ԱՄՆ–ն և դաշինքը անմիջականորեն մասնակցում են հակամարտությանը ոչ միայն զենքի փոխանցմամբ, այլև Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքներում կադրերի նախապատրաստմամբ։
ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային են տրամադրել խոստացած գրեթե բոլոր մարտական մեքենաները