ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik, Արամ Գարեգինյան. Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կդառնա գյուտարարական ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (IFIA) անդամ։
«Համալսարանի միջոցով այդ ֆեդերացիայի հասանելիություն կստանա ամբողջ հանրապետությունը՝ ինժեներների և գիտնականների համար մի շարք առավելություններով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տեխնիկական գիտությունների դոկտոր Վարդգես Գրիգորյանը, որը ղեկավարում է համալսարանի շինարարության արտադրության տեխնոլոգիայի և կազմակերպման ամբիոնը։
Վարդգես Գրիգորյան
© Sputnik / Aram Gareginyan
Փետրվարին Գրիգորյանի նախագիծը (ամրաններ հավաքելու ֆիքսատոր, որը թույլ է տալիս այն ճիշտ մակարդակի վրա դնել) արծաթե մեդալ ստացավ Քուվեյթի գիտական ակումբի ցուցահանդեսում, որը, որպես IFIA-ի անդամ, գյուտերի միջազգային ստուգատես անցկացրեց: Դրանից հետո IFIA-ի նախագահությունը համալսարանին առաջարկեց ֆեդերացիայի անդամ: Համալսարանի պատվիրակությունը նաև Ժնևում կայանալիք ֆեդերացիայի տարեկան ժողովին մասնակցելու հրավեր է ստացել։
«Հիմա մենք պատրաստվում ենք նման նախագծերի ցուցահանդեսներ և մրցույթներ անցկացնել։ Քանի որ դրանք անցկացվելու են IFIA-ի հովանու ներքո, հյուրերի թվում կարող են լինել նաև հայտնի ինժեներներ և գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ: Քուվեյթում կայացած մրցույթին, որտեղ մենք մասնակցել ենք, նրանք ներկա էին»,-նշեց Գրիգորյանը։
Ֆեդերացիան գրախոսվող գիտական ամսագրեր ունի, որտեղ հայ հետազոտողները կկարողանան ավելի հեշտ հրատարակել իրենց հոդվածները՝ առանց հավելյալ վճարի և հերթի: «Հայ հետազոտողները նաև ֆեդերացիայի փակ տեղեկատվական ռեսուրսներում տեղադրված նախագծային տվյալների հասանելիություն կստանան»,– հավելեց Գրիգորյանը:
Համալսարանի ասպիրանտ Աշոտ Մխիթարյանն իր հերթին նշեց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում նախատեսում են մրցույթներ անցկացնել, նախ՝ ազգային, ապա նաև միջազգային՝ 10-20 երկրների մասնակցությամբ:
Վարդգես Գրիգորյանը և Աշոտ Մխիթարյանը
© Sputnik / Aram Gareginyan
«Եթե մենք այդ միջոցառումները հաջող անցկացնենք, մեր անդամակցությունը ֆեդերացիային վերջնականապես կհաստատվի, և հետագա միջազգային միջոցառումները մենք կանցկացնենք արդեն ֆեդերացիայի ակտիվ աջակցությամբ: Սա գիտնականների աշխատանքները համաշխարհային մակարդակով ներկայացնելու նոր հնարավորություն է»,- ասաց Գրիգորյանը։
Մոտ ապագայում Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը կսկսի նախագծերի հայտերի ընդունումը (սկզբում՝ ազգային մակարդակով): Նախագծերը կարող են վերաբերել ոչ միայն շինարարական տեխնոլոգիաներին. դրանք կընդունվեն առանց ոլորտային սահմանափակումների։