Դատախազությունը կարող է մերժել Գայանե Հակոբյանին կալանավորելու որոշումը. իրավաբան

Արամ Վարդևանյան
Արամ Վարդևանյանի խոսքով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դատախազությունն օժտված է ցանկացած պահի կալանավորումը վերացնելու լիազորությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Հայաստանի դատախազությունը կարող է մերժել ՀՀ վարչապետ զոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց իրավաբան Արամ Վարդևանյանը։
Գայանե Հակոբյանը մեղադրվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։ Դատավոր Ժորա Չիչոյանի որոշմամբ` նա այսօր մեկ ամսով կալանավորվեց։
«Քրեական դատավարության օրենսգիրքը հստակ նախատեսում է, որ դատախազությունը կարող է կալանավորումը վերացնել՝ անկախ այն հանգամանքից, որ դատարանը բավարարել է կալանավորման միջնորդությունը։ Այս միջոցի կիրառման համար որևէ սահմանափակում կամ սահմանափակող պայման չկա, պարզապես դատախազի հայեցողական լիազորությունն է»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով` դատախազի այս լիազորությունը նախատեսված է հենց նման դեպքերի համար։
Իրավաբանն ընդգծեց` եթե կա հաղորդում հանցագործության մասին, ապա պետք է գործ հարուցել և քննություն անցկացնել, սակայն կալանավորումը բացառիկ միջոց է, հատկապես այն պայմաններում, երբ Քրեական նոր օրենսգիրքը ոչ միայն բազմաթիվ այլընտրանքային միջոցներ է նախատեսում, այլև թույլ է տալիս միանգամից մի քանիսը կիրառել:
«Կալանքը պետք է կիրառվի ոչ թե վերացական ռիսկերի, այլ կոնկրետ փաստական տվյալների դեպքում։ Եթե կոնկրետ տվյալ կա, որ մարդը կարող է խոչընդոտել, կարող է խուսափել քննություններից կամ կարող է վկաների վրա ճնշումներ գործադրել»,– նշեց իրավաբանը:
Վարդևանյանը հավելեց, որ դատախազությունը կարող է նաև հետ վերցնել Հակոբյանին կալանավորելու միջնորդությունը: Միևնույն ժամանակ փաստաբանը կարծում է, որ կալանավորման մասին դատարանի որոշման բողոքարկումը կարող է տևել 20-30 օր:
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» մայիսի 17-ին տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։
Նույն օրը հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողի մայրը հացադուլ է հայտարարել։