Դատարանը Փաշինյանի որդուն առևանգելու գործով ձերբակալված կնոջ մասին որոշում կհրապարակի վաղը

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն ասաց, որ դատավորի որոշումն ընկալելի է, բայց ոչ ցանկալի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով ձերբակալված Գայանե Հակոբյանի` Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր գործով դատական նիստի որոշումը կհրապարակվի վաղը` ժամը 15։00–ին։ Այս մասին Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Դատավորը նշեց, որ ի տարբերություն շատ այլ դեպքերի, ցանկություն ունի ոչ թե որոշման եզրափակիչ մասը հրապարակել, այլ ամբողջ որոշումը։ Ընկարելի որոշում է, բայց ոչ ցանկալի»,– հայտնեց իրավապաշտպանը։
Նա հայտնեց, որ նիստի ժամանակ պաշտպանական կողմը վերահաստատել է իր բոլոր պնդումները։
Նրանք, մասնավորապես, պնդում են, որ դատարանը կալանք առհասարակ չկիրառի և Գայանե Հակոբյանն ազատ արձակվի առանց այլընտրանքային խափանման միջոցների։
Պաշտպանական կողմը խնդրել է դատարանին դիտարկել տնային կալանքի, վարչական հսկողության, գրավի և 3 տեսակի երաշխավորության տարբերակները։
Հիշեցնենք` վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Նույն օրը գիշերը իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնեց, որ Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Առավոտյան հայտնի դարձավ, որ Գայանե Հակոբյանը «Էրեբունի» ԲԿ–ից տեղափոխվել է ձերբակալվածներին պահելու վայր։
Մայիսի 18-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի քննչական վարչությունում Աշոտ Փաշինյանի և Գայանե Հակոբյանի միջև առերեսում է եղել։