Մոսկվայում տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում. ԱԳՆ–ն` տարաձայնությունների մասին

Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով Մոսկվայում այսօր` մայիսի 19–ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև տեղի է ունեցել մտքերի կառուցողական փոխանակում այն ​​հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կողմերն ունեն տարաձայնություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ներկայացրել են իրենց դիրքորոշումները Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքի վերաբերյալ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը շարունակել են «Խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը։
Նախարարներն իրենց գնահատանքն են հայտնել ռուսական կողմին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կազմակերպելու համար:
Կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները:
Հիշեցնենք` մայիսի 19–ին Մոսկվայում կայացել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավորովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը, դրան հաջորդել է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումն ադրբեջանցի գործընկերոջ հետ։ Ապա ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը, Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը եռակողմ հանդիպում են ունեցել և քննարկել խաղաղության պայմանագրի դրույթներն ու տարածաշրջանային խնդիրներ։ Ավելի ուշ Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ընթանում է Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի առանձնազրույցը։
Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարություններն այլընտրանք չունեն. Լավրով