Թմրանյութը Հայաստան կարող էր մտնել Իրանի սահմանում` գետի վրայով. Բադասյան

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան. Արխիվային լուսանկար
Նա չհերքեց, որ երեկ հայտնաբերված թմրանյութը կարող է կապ ունենալ ավելի վաղ Իտալիայում հայտնաբերված կոկաինի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Թմրանյութը Հայաստան կարող էր մտնել շրջանցելով մաքսային հսկողության գոտիները, այսինքն` մաքսանենգ ճանապարհով։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստից հետո հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը` պատասխանելով հարցին, թե ինչպես է Հայաստան մտել 1 տոննա թմրանյութ։
Նշենք, որ երեկ Հայաստանի ԱԱԾ–ն հայտնել էր, որ Էկվադորից Հայաստան է ներմուծվել շուրջ մեկ տոննա կոկաին (մոտ 250 միլիոն եվրո արժողության):
«Ամբողջ աշխարհը ողողված է թմրանյութերով, ու դրանք կարող են հայտնվել տարբեր շուկաներում` շրջանցելով մաքսային հսկողության գոտիները։ Օրինակ` Իրանի հետ սահմանում գետի վրայով նետում են թմրանյութը, կամ դրոնով տեղափոխում են և գցում այնպիսի տեղում, որտեղից իրենց հանցակիցները կարող են վերցնել դա»,– ասաց նա։
Թե ինչպես է եղել կոնկրետ երեկվա դեպքը, Բադասյանը ասեց, որ իրավասու չէ ասել, որովհետեւ քրեական վարույթը ԱԱԾ– ում է։
Նա չհերքեց, որ երեկ հայտնաբերված թմրանյութը կարող է կապ ունենալ ավելի վաղ Իտալիայում հայտնաբերված կոկաինի հետ։
«Ինչպես մաքսային մարմիններն են մտածում ինչ ալգորիթմ գրել, որ առավել թիրախային հսկողություն սահմանեն, այնպես էլ մաքսանենգները` ուղեկցող փաստաթղթերում ինչ տվյալներ նշեն, որ հնարավորինս խուսափեն ստուգումներից»,– հայտարարեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին է հայտնաբերել։ Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։