ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին պետական աջակցության տրամադրման ծրագրից մինչ օրս օգտվել է միայն մեկ կազմակերպություն։
Այս մասին ասված է ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշման նախագծում։
2022 թվականի մարտի 3-ից գործող ծրագիրը, ըստ էության, ներդրողների մոտ որևէ հետաքրքրություն չի առաջացրել։
Իրավիճակը շտկելու նպատակով գործադիրն այսօր ընդունած որոշմամբ մեղմացրել է ծրագրին մասնակցության պայմանները։ Մասնավորապես ներդրումների համար սահմանված 10 մլրդ դրամի շեմը նվազեցվել է 1 մլրդ–ի, իսկ սահմանամերձ բնակավայրերի համար` 500 մլն դրամի։
«Որոշման նախագծի մշակումն ու ընդունումը պայմանավորված է ներկայիս աշխարահաքաղաքական բարդ իրավիճակում հանրապետությունում պարենային անվտանգության ապահովման, ինչպես նաև ծրագրի շրջանակում անասնաբուծության ճյուղում ներդրումների ներգրավման անհրաժեշտությամբ»,– ասված է նախագծի հիմնավորման մեջ։
Կառավարությունը նաև արձանագրում է, որ ներկայում անասնաբուծական արտադրանքի պահանջարկը բավարարվում է հիմնականում ներկրվող ապրանքներով։ Ներմուծումից կախվածության աստիճանը բարձր է հատկապես թռչնի և խոզի մսի, ինչպես նաև չոր կաթի շուկայում։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, Հայաստանում հավի մսի պահանջարկը շարունակաբար աճել է` վերջին 5 տարիներին տատանվելով 40-58 հազար տոննայի շրջանակներում, որից միայն 20-28%-ն է ապահովվել տեղական արտադրության հաշվին, իսկ խոզի մսի ինքնաբավության մակարդակը տատանվել է 45-58 % -ի միջակայքում։
Հաշվի առնելով աշխարահաքաղաքական բարդ իրավիճակն ու հետագա զարգացումների անկանխատեսելիությունը՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու և փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու անհրաժեշտությունը` կառավարությունը փորձում է խթանել անասնաբուծության ճյուղի հիմնական արտադրատեսակների տեղական արտադրությունը։