ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի մոտ 100 առաջնային դեպք, ինչը համապատասխանում է համաշխարհային ծավալի միջին ցուցանիշներին: Տեղեկությունը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը Հայաստանում կայանալիք Մանկական ուռուցքաբանության միջազգային ընկերության (SIOP Asia 2023 XV Congress) «Միասին ընդդեմ քաղցկեղի» Ասիական 15-րդ համաժողովի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը
© Sputnik / Aram Nersesyan
«Քաղցկեղ ախտորոշումով երեխաների 75%-ը լիովին ապաքինվում են։ Հայաստանը, զարգացող երկիր է(զարգացող երկրներում ապաքինման ցուցանիշը կազմում է 0-65% - խմբ.), սակայան այդ վիճակագրության առումով մոտ է զարգացած երկրներին։ Նույն Շվեյցարիայում, ԱՄՆ-ում, Ավստրիայում կամ Գերմանիայում այդ ցուցանիշը տատանվում է 85 տոկոսի սահմաններում», - ասաց Թամամյանը։
Թամամյանն ընդգծեց, որ երկրում շատ բան է արվում ոլորտում մատուցվող ծառայությունների որակը բարելավելու համար: Մասնավորապես՝ երեկվանից սկսել է գործել ուռուցքաբանություն վերապրածների վերականգնողական կլինիկան, շուտով կբացվի ախտորոշիչ կենտրոն, որտեղ հնարավոր կլինի նաև որոշել քաղցկեղի նկատմամբ հակվածությունը: Բացի այդ, Հայաստանում կսկսեն արյունաստեղծ ցողունային բջիջների ալոգեն փոխպատվաստում (Allo-TGSK) կատարել։
Առաջին անգամ այս վիրահատությունն իրականացվել է 2021 թվականին Նիգերիայից 5-ամյա տղայի համար, ում համար ցողունային բջիջները նվիրաբերել է նրա երկվորյակ քույրը։
ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը
© Sputnik / Aram Nersesyan
ՀՀ առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանն իր հերթին նշեց, որ ախտորոշման և բուժման նպատակով արտասահման մեկնող հիվանդների թիվը տարեցտարի նվազում է:
«Դա վկայում է զգալի առաջընթացի մասին։ Նույն ՊԷՏ-ը (պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիա – խմբ.) մեր երկրում հասանելի է պետպատվերի շրջանակում։ Նախկինում հիվանդները ստիպված էին այդ հետազոտության համար մեկնել Եվրոպա, Վրաստան», - նշեց Ջումայանը։
Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանը նշեց, որ երեխաների մոտ ավելի հաճախ հանդիպում են արյունաստեղծ և լիմֆատիկ համակարգերի (դեպքերի 40%), ուղեղի և կենտրոնական նյարդային համակարգի (15%), ոսկրային հյուսվածքի, երիկամների չարորակ նորագոյացություններ: Ընդ որում, կենտրոնում կան հիվանդներ, որոնք ծնsած օրվանից բուժում են ստանում։ Եղել է դեպք, երբ ուռուցքն ախտորոշվել է պերինատալ շրջանում, սակայն այժմ երեխայի մոտ ամեն ինչ կարգին է։
«Քաղցկեղի զարգացումը հրահրող հիմնական գործոններն են քիմիական, ֆիզիկական և կենսաբանական մուտագենները, ինչպես նաև ժառանգականությունը», - ասաց Դանիելյանը:
Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը
© Sputnik / Aram Nersesyan
Կոնգրեսի մասին
Ասուլիսի հյուրերը կարծում են, որ Հայաստանում կոնգրեսի անցկացումը նշանակում է, որ մեր երկիրն ընդգրկված է աշխարհի օնկոլոգիական քարտեզի ցանկում: Միջոցառմանը կմասնակցեն շուրջ 150 բանախոսներ աշխարհի տարբեր երկրներից, որոնց թվում են ուռուցքաբանության առաջատար կենտրոնների ղեկավարներ և գիտական գործիչներ:
Կոնգրեսի նպատակն է համախմբել մանկական ուռուցքաբանության համաշխարհային հանրությանը, ներկայացնել հետազոտություններ, գաղափարներ և լավագույն փորձը երեխաների քաղցկեղի բուժման գործում: Մայիսի 18-21-ը կայանալիք գիտական միջոցառման ընթացքում կքննարկվեն քաղցկեղի տարբեր տեսակների ախտորոշման և բուժման առանձնահատկությունները, դեղորայքային, ճառագայթային և վիրաբուժական բուժման նորագույն մոտեցումները, ուռուցքաբանական և արյունաբանական ծառայության կազմակերպումը, կանցկացվեն առանձին սիմպոզիումներ և սեմինար-քննարկումներ կարևորագույն միտումների վերաբերյալ:
Թամամյանը, որպես SIOP Asia 2023 կազմկոմիտեի նախագահ, նշեց, որ Կոնգրեսը տարվա կարևորագույն բժշկական իրադարձությունն է, որը կնպաստի աշխարհի բժշկական քարտեզում Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը:
Զեկուցումներով հանդես կգան ճանաչված մասնագետներ, կառույցների և գիտական հանձնաժողովների ղեկավարներ ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդեռլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից: