Գյումրի-Երևան երթուղու էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված տղամարդուն

Էլեկտրագնացք. արխիվային լուսանկար
61 տարեկան տղամարդը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Գյումրի-Երևան երթուղով ընթացող էՊ-2Դ էլեկտրագնացքը վրաերթի է ենթարկել ճանապարհին հայտնված մի տղամարդու։ Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 13:30-ի սահմաններում Արագած-Քարակերտ հատվածում։

«Էլեկտրագնացքի մեքենավարն արտակարգ արգելակում է կիրառել, սակայն չի կարողացել կանխել բախումը։ Տուժածը՝ 1962 թ. ծնված Հրաչ Միհրանի Մկրտչյանը, ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Երթուղով գնացքների երթևեկության ժամանակացույցը խախտվել է ավելի քան 2 ժամով»,– ասված է հաղորդագրությունում:

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայցում է ընկերության վերահսկողությունից անկախ միջադեպի հետևանքով տուժած ուղևորների ներողամտությունը։
Ընկերությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին և տրանսպորտային միջոցների վարորդներին հետևել ճանապարհային երթևեկության կանոններին, դուրս չգալ երկաթուղային գծեր և զգոն լինել երկաթուղային ենթակառուցվածքներում:
Երևանում «Nissan»–ը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու հայտնվել բանկի տարածքում