ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Բրյուսելյան եռակողմ հանդիպումն ու այնտեղ ձեռք բերված համաձայնությունները կարևոր քայլ են տարածաշրջանում կայության և խաղաղության հաստատման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի վերջականացման և սահմաների դելիմիտացիայի համար։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել նաև Հայաստան– Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, բայց հաշվի առնելով նախկին փորձը, այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնապահ կմնամ»,– հայտարարեց նա ու վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը վերաբացել կոմունիկացիաները օր առաջ` կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Ինչ վերաբերում է գերիների և այլ պահվող անձանց ազատ արձակմանը, ապա Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ եղել է որոշակի ըմբռնում, իսկ քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ժամանակ։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ էր ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
Այդ թվում մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։
Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։
Մայիսի 14–ին էլ Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։