Թմրամիջոցների դեմ պայքարի հարցեր են քննարկել Վահե Ղազարյանը և Ջեյմս Էփլգեյթը

ԱՄՆ-ից եկած պատվիրակությանը ներկայացվել են նախարարությունում արված բարեփոխումները, մասնավորապես` պարեկային ծառայության ոլորտում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի - Sputnik. Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցեր են քննարկել ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի ժ/պ Ջեյմս Էփլգեյթը, որի գլխավորած պատվիրակությանն էլ ընդունել են նախարարությունում։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
Վահե Ղազարյանը հյուրերին ներկայացրել է նաև ջրային պարեկային ծառայության և ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման ակադեմիայի բազայի հիման վրա ՆԳՆ կրթահամալիրի ստեղծման մանրամասներ։
Ներքին գործերի նախարարը հաստատել է բարեփոխումները հաջողությամբ ավարտին հասցնելու պատրաստակամությունը, ինչը հնարավորություն կտա ունենալ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցած, բարեվարք և հարգանքի արժանի ոստիկանություն:
Ջեյմս Էփլգեյթը, դրական գնահատելով ՆԳՆ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, պատրաստակամություն է հայտնել շարունակելու համագործակցությունը։

Հանդիպմանը քննարկվել են նաև պարեկային ծառայության՝ վերջին չորս մարզերի ընդունելության, ստորաբաժանումում կանանց ներգրավվածության խթանման, օգտագործվող տեխնիկայի, սպառազինության, ոստիկանների ատեստացիային և վերապատրաստումներին վերաբերող այլ հարցեր։
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի ղեկավար Ալեքսիս Հաֆտվանին։