ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Մայիսի 17-ին Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կրակի հետևանքով զոհված զինծառայողը Էդգար Վահանի Սուլեյմանյանն է (2003թ.): Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,–ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` մայիսի 17-ին` ժամը 16:15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ զինծառայող։
Այնուհետև Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ էին բացել վիրավոր զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ: Շտապօգնության մեքենայի ուղղությամբ հակառակորդի բացած կրակից վիրավորում էր ստացել նաև բուժակը:
Ավելի ուշ ՊՆ-ն հայտնեց, որ Ադրբեջանի ԶՈւ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: