Գարիկ Գալեյանը հերքել է տեղեկությունը, թե փորձել է առևանգել Աշոտ Փաշինյանին

Գարիկ Գալեյան. Արխիվային լուսանկար
Գալեյանը հերքել է նաև այն տեղեկությունը, թե Աշոտ Փաշինյանը վնասվել է, երբ մեքենայից նետվել է դուրս։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, News.am-ի հետ զրույցում հերքել է այն տեղեկությունը, որ ինքը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առևանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին։
«Մենք այսօր Գարեգին Նժդեհում գտնվող վարչական դատարանից դուրս գալուց հետո նկատել ենք Աշոտ Փաշինյանին։ Զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանը մոտեցել է նրան, ասել՝ նստիր մեքենաս, գնանք «Եռաբլուր», տես՝ ինչ են արել հերդ ու մերդ։ Ոչ մի բռնություն չի եղել, ինքը հանգիստ բացել է դուռը և նստել։ Ես Աշոտին մատով չեմ կպել, բառ չեմ փոխանակել հետը»,- ասել է Գալեյանը։
Գալեյանը հերքել է նաև այն տեղեկությունը, թե Աշոտ Փաշինյանը վնասվել է, երբ մեքենայից նետվել է դուրս և ընկել մեկ այլ ծնողի մեքենայի տակ։
«Ավտոմեքենայում եղել են ինքն ու Ժորայի մայրիկը։ Աշոտը ճանապարհին դուռը բացել ու իրեն դուրս է նետել։ Ես մի կերպ եմ արգելակել, որ ավտոմեքենայիս տակ չընկնի։ Դրանից հետո Աշոտն ինքն իր ոտքով փախել է՝ չենք էլ նկատել ինչպես։ Ի վերջո, տեսախցիկներ կան, թող տեսնեն՝ ինչ է եղել»,- ասել է Գալեյանը։
Հիշեցնենք, որ այսօր «Հայկական ժամանակը» գրել էր` «Որդիների կանչ» ՀԿ անդամ 44-օրյայում զոհվածների ծնողները փորձել են առևանգել Աշոտ Փաշինյանին։ Թերթը նշել էր, թե ծնողները «ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս թռնել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան»:
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանը հերքել էր այս տեղեկատվությունը` նշելով, որ միջադեպ եղել է, բայց առևանգման փորձ` ոչ, և սա ապատեղեկատվություն է։