ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Աշոտ Փաշինյանի ստացած վնասվածքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն և մանրամասներ ներկայացնում Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանի`ոստիկանություն ներկայացրած հաղորդումից։
Նշենք, որ այսօր տեղեկություններ տարածվեցին, թե «Որդիների կանչով» ՀԿ անդամ, զոհվածների մի քանի ծնողներ փորձել են առևանգել Նիկոլ Փաշինյանի որդուն` Աշոտ Փաշինյանին, սակայն վերջինիս հաջողվել է փախչել։
Ըստ ՔԿ հաղորդագրության` այսօր Աշոտ Փաշինյանը ժամը 12:47-ի սահմաններում Երևանի Գ.Նժդեհի փողոցում գտնվող ՀՀ վերաքննիչ դատարանի մոտով քայլելիս դատարանի բակում տեսել է հավաքված զոհված զինծառայողների ծնողների։ Նրանք արագ քայլելով մոտեցել են իրեն, ձայն տվել, ոմանք նաև «ռեպլիկներ» են հնչեցնել:
Ըստ հաղորդման` մի կին մոտեցել է, ներկայացել որպես զոհված զինծառայողի մայր, առաջարկել է նստել մոտակայքում կայանված իր ավտոմեքենան` հանգիստ զրուցելու համար: Երբ նստել է, կինն անսպասելի վարել է՝ ասելով, թե փոքր-ինչ հեռու կգնան, որ իրենց չխանգարեն։
«Ավտոմեքենայում նշված կինը սկսել է խոսել 2020թ․պատերազմից, տարածքային ու մարդկային կորուստներից։ Տեսնելով, որ վերջինս դրսևորում է ոչ ադեկվատ վարքագիծ, երթևեկում է արագությունը գերազանցելով՝ երթևեկության կանոնների խախտմամբ, պահանջել կանգնեցնել ավտոմեքենան, որպեսզի ինքն իջնի: Նշված կինն ասել է, որ իր տղային առանց իրեն հարցնելու տարել և սպանել են, ինքը կորցնելու ոչինչ չունի, կարող է նրան սպանել, ուստի առանց հարցնելու իրեն տանում է Եռաբլուր, որտեղ, իր էմոցիաներից ելնելով կորոշի՝ ազատ թողնել, թե ոչ»,– նշված է հաղորդագրության մեջ։
«Ծերեթելիի» խաչմերուկում Աշոտ Փաշինյանն իրեն դուրս է նետել մեքենայից, երբ կինը դանդաղեցրել է ընթացքը։ Վարչապետի որդու հաղորդման համաձայն` դրանից հետո իրեն սպիտակ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա է հարվածել: Շրջվելով նկատել է, որ նշված ավտոմեքենայի վարորդը և ուղևորները դատարանի մոտ կանգնած ծնողներն են: Անվտանգության համար մտել է մոտակա սուպերմարկետ:
Հաղորդման առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
ՔԿ-ից հայտնում են, որ կինը ձերբակալվել է։
Ձեռնարկվել են անհետաձգելի վարութային և ապացուցողական գործողություններ։ Միջոցներ են ձեռնարկվել տեսագրող սարքերի տեսագրություններն առգրավելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է։
Նշենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀԿ նախագահ Վահիդ Սահակյանը հերքել էր այս տեղեկատվությունը` նշելով, որ միջադեպ եղել է, բայց առևանգման փորձ` ոչ, և սա ապատեղեկատվություն է։
44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, նույնպես հերքել է այն տեղեկությունը, որ ինքը «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության այլ անդամների հետ փորձել է առևանգել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն։