ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. «Արմենիկում» ՓԲԸ–ի հաշվեկշռում մեծաթիվ պարտավորություններ կան, որոնց մասով աուդիտ է իրականացվել, քրեական գործ է հարուցվել։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը` ներկայացնելով պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թթ. ծրագրի կատարման 2022 թ. տարեկան հաշվետվությունը։
««Հերհեր» և «Արմենիկում» ՓԲԸ–ների մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են։ Այս պահին իրականացվում են կազմակերպությունների ֆինանսական և գույքային ընդհանուր ստուգումներ։ Մեծաթիվ պարտավորություններ կա մասնավորապես «Արմենիկումի» հաշվեկշռում։ Աուդիտ է իրականացվել, դիմել ենք իրավապահ մարմիններին։ Արդեն ունենք հարուցված քրեական գործ, արդյունքում էլ կկարողանանք թեթևացնել կազմակերպության հաշվեկշռում առկա մեծ պարտավորություններից»,– ասաց Ավետիսյանը։
ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Ղահրամանյանն էլ հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված «Հերհեր» ՓԲԸ–ի մասնավորեցումը, և արդյոք այնտեղ նույնպես ուսումնասիրություններ են կատարվել։
«Պետական հաշվեկշռում նմանատիպ կազմակերպությունների առկայությունը նպատակահարմար չէ, քանի որ դրանք պետական գործառույթների համար որևէ խնդիր չեն լուծում։ Կարծում ենք` ցանկալի է նոր ներդրումներ ներգրավվել և կազմակերպություններն ավելի արդիականացնել»,– պատասխանեց Ավետիսյանը։
Ըստ նրա` ընդհանուր տնտեսական և ներդրումային միջավայրը բարելավելու նպատակով են կազմակերպությունները ներկայացրել մասնավորեցման։
«Դրանք պետության համար հավելյալ արդյունք չեն ստեղծում և պետության գործառույթների հետ ուղիղ կապված չեն։ «Հերհեր» ՓԲԸ–ն պարտավորություններ չունի, և եթե չեմ սխալվում, լավ ակտիվների կազմ ունի։ Այս ընթացքում երկու կազմակերպություններն էլ բավականին «առողջացրել ենք»։ Մենք ցանկանում ենք այնպես անել, որպեսզի «Հերհեր» և «Արմենիկում» ՓԲԸ–ները մասնավորեցման ներկայացվեն առողջ հաշվեկշռով»,– նշեց Ավետիսյանը։
Նրա խոսքով` այդպիսով պետության համար ֆինանսական էֆեկտը բարձր կլինի, իսկ ներդրողների համար` ավելի գրավիչ։
Հարցին` արդյոք հաշվի առնվում է, թե ովքեր են դառնալու այդ կազմակերպությունների սեփականատերեր, Ավետիսյանը շեշտեց` կազմակերպվող մրցույթները մասնակիցների մասով որևէ սահմանափակում չեն նախատեսում։ Հաղթող ճանաչվում է այն անձը, որը ներդրումային ծրագիր–գին համակցությամբ լավագույն առաջարկն է ներկայացնում։
Հիշեցնենք` մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է մասնավորեցնել 100 տոկոս պետության սեփականությունը հանդիսացող «Արմենիկում» ՓԲԸ-ն ու «Հեր-Հեր» ՀԷԿ-ը:
«Հեր-Հեր» ՀԷԿ-ը ստեղծվել ու ՊՆ-ին է հանձնվել 2017թ.՝ առանձնացվելով նախարարությանը պատկանող «Արմ-Աէրո» ՓԲԸ-ից։
«Արմենիկումը» ստեղծվել է 1999թ․ հուլիսի 1-ի որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն ազգային անվտանգության նախարարն էր, ՊՆ-ին է փոխանցվել 2004թ. որոշմամբ, երբ Սերժ Սարգսյանն արդեն պաշտպանության նախարարն էր։
«Արմենիկումը»` որպես ինֆեկցիոն հիվանդանոց, իր գործունեությունը շարունակեց մինչև 2020-ը` իրականացնելով պետպատվերով բուժծառայություններ, ապա փակվեց։ Այսօր այնտեղ լաբորատոր հետազոտություններ են արվում մասնավոր պատվերների հիման վրա, տարածքները վարձակալությամբ են հանձնված: