ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Զբոսաշրջության կոմիտեն և HIKEArmenia կազմակերպությունը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում «Ազգային արահետ» նախագիծ կստեղծվի:
Զբոսաշրջության կոմիտեի և HIKEArmenia կազմակերպության համագործակցության հուշագրի ստորագրումը
© Sputnik / Aram Nersesyan
Երթուղու երկարությունը կկազմի 954 կմ, այն կանցնի երկրի բոլոր անկյուններում գտնվող 108 գյուղերով։
«Մենք մտածված այնպես ենք մշակել երթուղին, որ այն գյուղերով անցնի։ Տեղի բնակիչները հնարավորություն կունենան զարգացնել իրենց բիզնեսը և չլքել հայրենի վայրերը», - ասաց կազմակերպության հիմնադիր Արտակ Քոսյանը։
Նա պատմեց, որ աշխատանքները նախագծի վրա մեկնարկել են դեռ 2022 թվականին։ Նախնական փուլում դիտարկվել են բոլոր հնարավոր երթուղիները, իսկ 2023 թվականին սկսվել է նախագծի իրականացումը։ Ծրագրի շրջանակում զբոսաշրջիկներին տեղեկատվություն կտրամադրվի տարբեր համայնքներում գտնվող հյուրատների և ծառայությունների մասին: Ընդհանուր առմամբ, HIKEArmenia-ն նախատեսում է 3-4 տարվա ընթացքում մոտ $1 մլն ներդնել։
«Ազգային արահետ» նախագծի հուշագրի ստորագրման արարողության ժամանակ
© Sputnik / Aram Nersesyan
«Առայժմ բացառապես դրական արձագանքներ ենք ստանում։ Զբոսաշրջիկները տպավորված են մեր հայրենակիցների հյուրընկալությամբ», - նշեց Քոսյանը։
HIKEArmenia կազմակերպության հիմնադիր Արտակ Քոսյան
© Sputnik / Aram Nersesyan
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանն իր հերթին ընդգծեց, որ զբոսաշրջիկները կարող են հանգիստ ճանապարհորդել HIKEArmenia հավելվածում նշված արահետներով, քանի որ երթուղին մանրամասն մտածված է և հնարավորինս անվտանգ: Նա անձամբ փորձարկել է մի քանիսը և կարծում է, որ զբոսաշրջիկները նույնպես տպավորված կլինեն:
Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեան
© Sputnik / Aram Nersesyan
«Հայաստանը շատ հայտնի է արշավականների շրջանում։ Նկատվում է եվրոպացի զբոսաշրջիկների աճ, որոնք նախընտրում են ճանապարհորդության հենց այս տեսակը», - նշեց նա։
Պօղոսեանը վստահ է, որ ծրագիրն էապես կանդրադառնա գյուղական համայնքների տնտեսական իրավիճակի վրա։ Բացի այդ, նրա խոսքով, արահետներն անցնում են պատմամշակութային վայրերով, և զբոսաշրջիկները կկարողանան ծանոթանալ հայկական ժառանգությանը:
HIKEArmenia կազմակերպության հիմնադիր Արտակ Քոսյանն ու Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ պաշտոնական տվյալներով՝ 2023 թվականի չորս ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 630 հազար զբոսաշրջիկ, ինչը 30 տոկոսով ավելի է, քան նախահամաճարակային 2019 թվականին։ Ընդ որում, այցելուների 50%-ը ռուսներ են։