ՌԴ-ն Եվրոպայում Սովորական ԶՈւ-ի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու օրենք է ընդունել

Սերգեյ Ռյաբկովի խոսքով` դրան հնարավոր կլինի վերադառնալ, երբ Արևմուտքը հրաժարվի Ռուսաստանի նկատմամբ թշնամական քաղաքականությունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. ՌԴ Պետդուման լիագումար նիստում օրենք է ընդունել Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը չեղյալ հայտարարելու մասին: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը օրենքի քննարկման ժամանակ հայտարարել է, որ Եվրոպայում Սովորական զինված ուժերի մասին պայմանագրից Ռուսաստանի դուրս գալը կտևի մոտ կես տարի:
«Չեղյալ հայտարարման ընթացակարգի ավարտից հետո մենք պետք է մի շարք գործողություններ ձեռնարկենք նաև ԵՍԶՈՒ մասնակից այլ պետությունների հետ հարաբերություններում։ Դրանցից առաջինը պայմանագրից դուրս գալու մտադրության մասին ծանուցումն ուղարկելն է։ Դա արվում է դուրս գալու նախատեսված ամսաթվից առնվազն 150 օր առաջ և պարունակում է հայտարարություն այն բացառիկ հանգամանքների մասին, որոնք անհրաժեշտ են դարձրել այդ քայլը»,- ասել է Ռյաբկովը:
Ռյաբկովի խոսքով` ծանուցումից ոչ ուշ, քան երեք շաբաթ անց պետք է հրավիրվի պայմանագրի մասնակից երկրների խորհրդաժողով, որպեսզի քննարկվեն պայմանագրից Ռուսաստանի դուրս գալուն վերաբերող հարցերը։
ԵՍԶՈւ-ն ստորագրվել Է Փարիզում 1990 թվականին, իսկ 1999-ին Ստամբուլում ԵԱՀԿ գագաթնաժողովում ստորագրվել է դրա նորացված տարբերակը։ Հարմարեցված պայմանագիրը վավերացրել են ընդամենը չորս երկրներ` Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ուկրաինան։ Ռուսաստանը 2007 թվականին դադարեցրել է մասնակցությունը ԵՍԶՈւ-ին «այնքան ժամանակով, քանի դեռ ՆԱՏՕ-ի երկրները չեն վավերացրել հարմարեցման մասին համաձայնագիրը և չեն սկսել բարեխղճորեն կատարել այդ փաստաթուղթը»: