Իտալիայի մաքսային ոստիկանությունը երկրի հարավում գտնվող Ջոյա Տաուրո նավահանգստում 2 տոննա 734 կգ բարձր մաքրության կոկաին է հայտնաբերել, հաղորդում է Sky News-ի իտալական խմբագրությունը:
Թմրանյութը գտնվել է երկու կոնտեյներների մեջ, այն թաքցրել են 78 տոննա բանանի խմբաքանակում: Բեռը Էկվադորի Գուայակիլ նավահանգստից Հայաստան պետք է տեղափոխվեր վրացական Բաթումի նավահանգստով։
Իտալիայի ֆինանսական գվարդիան (մաքսային ոստիկանությունը) արդեն երկար ժամանակ հետևում էր թմրանյութերի շրջանառության երթուղուն` Հարավային Ամերիկայից դեպի Սևծովյան և Ադրիատիկ շրջաններ (Խորվաթիայի, Հունաստանի և Վրաստանի նավահանգիստներ), որտեղ որպես միջանկյալ կետ օգտագործվում էր Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիա շրջանը:
Գործողության ընթացքում ոստիկաններին հաջողվել է մի քանի հազարից առանձնացնել երկու կասկածելի կոնտեյներ, որոնցով, ըստ փաստաթղթերի, արևադարձային մրգեր էին տանում Հայաստան։
Թմրամիջոցների խմբաքանակի ընդհանուր արժեքը գնահատվել է ավելի քան 800 մլն եվրո։