ՀՀ պետբյուջեից ավելի քան 558 մլն դրամ են հափշտակել. 2 կալանավորված կա

Մեկուսարան
ՀՀ երկու քաղաքացիները իրավաբանական նշանակություն ունեցող պաշտոնական փաստաթղթեր և կնիքներ են կեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Դատարանը կալանավորման որոշում է կայացրել ՀՀ երկու քաղաքացիների նկատմամբ, որոնք պետական բյուջեից 558 մլն 200 հազար դրամ են հափշտակել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Գ.Ն.-ն և Հ.Ք.-ն գումարը հափշտակել են 2022 թվականի հունիս-հուլիս ամիսներին` կեղծելով իրավաբանական նշանակություն ունեցող պաշտոնական փաստաթղթեր և պատրաստելով կեղծ կնիքներ։
Պետությունից խարդախությամբ հափշտակված գումարի տնօրինման եղանակը, տեղաշարժը թաքցնելու (փողերի լվացում կատարելու) նպատակով Գ.Ն.-ն գումարները փոխանցել է իրենց կողմից նախապես հիմնադրված ընկերությունների տարբեր բանկային հաշիվներին, ապա կանխիկացրել դրանք բանկային հաշիվներից:
Դատախազի որոշմամբ 2023 թվականի մայիսի 8-ին Գ.Ն.-ի և Հ.Ք.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՀՀ քրեական օրենսգրքի 457-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում):
2022 թվականի օգոստոսին Գ.Ն.-ի և Հ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
2023 թվականի մայիսի 15-ին հսկող դատախազը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է դատարան:
ՀՀ–ում խարդախության հանցավոր սխեմա է բացահայտվել. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում