Հայաստանում Հայրենադարձների ինտեգրման կենտրոն կգործի. Սինանյան

Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը
Կառավարական մակարդակով նման կենտրոն առաջին անգամ է ստեղծվում, այն օգնելու է հայրենադարձների խնդիրների լուծմանը` մեկ պատուհանի սկզբունքով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Հայաստանում ամռանը կսկսի գործել Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Մենք Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի բացման եզրափակիչ փուլում ենք։ Արդեն ընտրվել է տարածքը, կատարվել են անհրաժեշտ աշխատանքները, կա թիմ, որը պատրաստ է օգնել հայրենադարձներին այս դժվարին գործում»,-ասաց Սինանյանը։
Նա պարզաբանեց, որ կենտրոնի նպատակն է հեշտացնել հայրենակիցների հայրենադարձությունը, օգնել նրանց հարմարվել և կենտրոնանալ Հայաստանում իրենց ապագայի վրա, այլ ոչ թե զբաղվել տարբեր բյուրոկրատական հարցերով: Կենտրոնի շնորհիվ հնարավոր կլինի ճշգրիտ տեղեկություններ հավաքել հայրենադարձների թվի մասին։
Սփյուռքի հարցերով հանձնակատարի խոսքով` մնում է միայն գործարկել էլեկտրոնային հարթակը, որը թույլ կտա թվայնացնել տվյալները և դրանք հասանելի դարձնել կառավարության մյուս գործընկերների համար: Սակայն որոշվել է չսպասել հարթակի գործարկմանը և հունիսից սկսել կենտրոնի աշխատանքը։
Ենթադրվում է, որ սփյուռքահայերը, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, կապ կհաստատեն կենտրոնի օպերատոր- աշխատակիցներից մեկի հետ, որը նրանց կուղեկցի հայրենադարձության պահից սկսած մինչև ադապտացիա և կաջակցի տարբեր հարցերում:
«Մեր նպատակն է այնպես անել, որ հայրենադարձներն արագ և հեշտությամբ ինտեգրվեն Հայաստանում: Հիմնական աշխատանքը լինելու է հայրենադարձությամբ հետաքրքրված հայրենակիցներին օգնելը, նաև նրանց, ովքեր արդեն տեղափոխվել են Հայաստան»,-ասաց Սինանյանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը հայրենադարձության 8000 հայտ է ստացել։ Առաջին անգամ կազմակերպվել է հայոց լեզվի դասընթաց, մասնակիցների թիվը հասել է 240-ի: