ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Չինաստանի Եվրասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լի Հուեյը Մոսկվա կմեկնի մայիսի վերջին՝ եվրոպական երկրներ այցելելուց հետո: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Նա Կիևում ավարտում է իր ճանաչողական այցը։ Դրանից հետո կմեկնի Բեռլին, Փարիզ, Վարշավա: Ամսվա վերջին էլ մեզ մոտ կգա»,- նշել է դիվանագետը։
Ռուդենկոյի խոսքով՝ այցելությունների նպատակը մեկն է` երկրներին ծանոթացնել Ուկրաինայում տիրող իրավիճակի քաղաքական կարգավորման վերաբերյալ չինական առաջարկներին և լսել կարծիքներ ու մեկնաբանություններ:
«Մենք անհամբեր սպասում ենք նրան, ցանկանում ենք իմանալ, թե ինչ տպավորություններով է գալու իր ուղևորությունից»,– ասել է փոխարտգործնախարարը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լի Հուեյն այսօր սկսել է իր պաշտոնական այցը Կիև: Ապրիլին Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր իր հատուկ ներկայացուցչի մոտալուտ այցի մասին՝ խաղաղ կարգավորման համար խորացված խորհրդակցություններ անցկացնելու համար:
Հիշեցնենք` Չինաստանի իշխանությունը փետրվարին խաղաղության ծրագիր է առաջարկել, որը բաղկացած է 12 կետից և պարունակում է , անվտանգության ոլորտում բոլոր երկրների օրինական շահերը հարգելու, Ուկրաինայում հումանիտար ճգնաժամի կարգավորման կոչեր։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ չինական ծրագրի կետերից շատերը կարող են կարգավորման հիմք ընդունվել, երբ Արևմուտքում և Կիևում պատրաստ լինեն դրան: