ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ԱՄՆ-ում կալանավորվել են ՌԴ քաղաքացիներ Օլեգ Պացուլան և Վասիլի Բեսեդին, , նրանց Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները շրջանցելու մեղադրանք է ներկայացվել: Տեղեկությունը հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության մամուլի ծառայությանը։
«Ըստ մեղադրանքի՝ Պացուլան և Բեսեդինը, որոնք բնակվում են Ֆլորիդայի Մայամի-Դեյդ շրջանում, օգտագործել են Ֆլորիդայում տեղակայված իրենց MIC P&I ընկերությունը և այլ կառույցներ՝ նպատակ ունենալով շրջանցել ԱՄՆ արտահանման վերահսկողությունն ու սահմանափակումները և ավիացիոն պահեստամասեր ուղարկել ռուսական ավիաընկերություններին», - նշված է ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ:
Գործի նյութերի համաձայն՝ նրանք օդանավերի պահեստամասերի պատվերներ են ստացել անմիջապես ՌԴ ընկերություններից, ընդ որում՝ այդ պատվիրատուներից շատերի նկատմամբ արտահանման վերահսկողության ռեժիմ է գործում։
Պացուլան և Բեսեդինը, ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության, միջնորդ ընկերություններ և երրորդ երկրների բանկային հաշիվներ են օգտագործել գնորդների և վճարումների աղբյուրների վերաբերյալ իրական տվյալները թաքցնելու համար: Արդարադատության նախարարությունը պնդում է, որ Պացուլան և Բեսեդինն այնուհետև կապ են հաստատել ԱՄՆ-ում պահեստամասերի մատակարարների հետ և կեղծ տեղեկություններ տրամադրել ապրանքը ստանալու համար։
Արտահանման վերահսկողության ռեժիմի խախտման համար մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում, նույնքան պատիժ է նախատեսված նաև միջազգային մասշտաբով փողերի լվացման համար։