Ալեքսանդր Գրիգորյանը կնշանակվի «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում

Ալեքսանդր Գրիգորյանը . Արխիվային լուսանկար
Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է Երևանի «Ուրարտու», ապա «Ալաշկերտ» թիմերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. «Ուրարտուի» և Ալաշկերտի» նախկին մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը շուտով կնշանակվի Կրասնոդարի «Կուբանի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Տեղեկությունը հայտնում է Чемпионат.com-ը։
Հայտնում են, որ այսօր` մայիսի 16-ին Գրիգորյանը կժամանի մարզչական ճամբար և պայմանագիր կկնքի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Եթե ​​նրա գլխավորությամբ «Կուբանը» պահպանի Առաջին լիգայում մնալու իրավունքը, ապա պայմանագիրը կերկարաձգվի ևս մեկ մրցաշրջանով։
«Կուբանը» Առաջին լիգայի ընթացիկ մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ տեղը։ Թիմը 31 տուրի արդյունքում վաստակել է 33 միավոր։ Մրցաշարի վերջին հինգ հանդիպումներում թիմը կրել է երկու պարտություն և երեք անգամ ոչ-ոքի խաղացել։
56-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է ԲԿՄԱ-ի կանանց թիմը, որտեղից նա հեռացել է 2022 թվականի հոկտեմբերին։
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին լրատվամիջոցները գրում էին, որ Ալեքսանդր Գրիգորյանը բանակցում է Երևանի «Արարատի» հետ։ Սակայն նա հրաժարվել էր գլխավորել հայտնի ակումբը։
2019-2021 թվականներին Գրիգորյանը գլխավորել է Երևանի «Ուրարտուն», իսկ ավելի ուշ՝ մայրաքաղաքի «Ալաշկերտը»։