ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը դատապարտվել է 8 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Մասնավորապես, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, մեղավոր է ճանաչել Վահագն Վերմիշյանին առաջադրված մեղադրանքում։
Նույն գործով անցնող 7 մեղադրյալների նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանքը։
Կոչուբաևի խոսքով` Վերմիշյանի նկատմամբ բացառապես քաղաքական հետապնդում է իրականացվում։
Նա նշեց, որ դատավճիռը բողոքարկվելու է վերաքննիչ դատարան, իսկ ապօրինի կալանքի որոշման դեմ գանգատ է ներկայացվել եվրոպական դատարան:
Հիշեցնենք` Վահագն Վերմիշյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։ 2020 թվականի փետրվարի 5-ին Վերմիշյանը ձերբակալվեց։ Վերմիշյանի գործով անցնողներից մեկը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանն է։ ԱԱԾ-ն նրան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան, և այն նույնպես բավարարվել է։
Վերմիշյանն իր հերթին քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի։ Նա պահանջել է հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, ինչպես նաև հրապարակային ներողություն խնդրել իր պատիվը, արժանապատվությունը, ինչպես նաև գործարար բարի համբավը արատավորելու համար։ Վերմիշյանն իր դեմ հետապնդումն ակնհայտ քաղաքակական է համարում, իսկ ազատազրկումը, նշում է՝ միջազգային իրավունքում դրան տրված բնորոշմանը համաձայն, բավարարում է քաղբանտարկյալի բոլոր չափանիշներին։