Թուրքիայի նախագահի նախկին թեկնածու Ինջեն դեռ չի որոշել՝ ում է աջակցելու երկրորդ փուլում

Մուհարեմ Ինջե
2018 թվականի նախագահական ընտրություններում Ինջեն ստացել է ձայների ավելի քան 30%-ը՝ լինելով Քըլըչդարօղլուի գլխավորած Ժողովրդա-հանրապետական կուսակցության թեկնածուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Թուրքիայի նախագահի պաշտոնի համար մրցավազքից դուրս եկած, սակայն, նախնական տվյալներով, ավելի քան 200 հազար ձայն ստացած Մուհարեմ Ինջեն դեռ չի որոշել՝ ում է սատարելու ընտրությունների հնարավոր երկրորդ փուլում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է թեկնածուի շտաբի աղբյուրը։
Memleket կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն հայտարարել է իր թեկնածությունը հանելու մասին ընտրություններից երեք օր առաջ: TRT հեռուստաալիքի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ Ինջեն ստացել է ձայների ավելի քան 0,4 տոկոսը։ Նրա օգտին քվեարկել է ավելի քան 234 հազար ընտրող, այդ թվում՝ արտերկրում: Թուրքիայի ԿԸՀ-ն ավելի վաղ որոշել էր, որ չնայած Ինջեի՝ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն, նրա օգտին ձայները չեն չեղյալ հայտարարվի:
«Այս պահին գնահատման գործընթաց է ընթանում այն թեկնածուի վերաբերյալ, որին կաջակցի (Ինջեն)», - հայտնել է աղբյուրը:
Ինջեն ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուց հետո այդպես էլ չի դիմել իր կողմնակիցներին՝ կոչ անելով քվեարկել մնացած երեք թեկնածուներից մեկի օգտին։ Վերջին հարցումների համաձայն՝ Ինջեի օգտին պատրաստ էր քվեարկել ընտրողների մոտ 2-3 տոկոսը, սակայն ապրիլի սկզբին մի շարք հարցումներում այդ թիվն ավելի բարձր էր ու հասնում էր 8-9 տոկոսի, նրա օգտին արդեն հասցրել էին քվեարկել արտասահմանյան քվեարկության ընթացքում:
2018 թվականի նախագահական ընտրություններում Ինջեն ստացել է ձայների ավելի քան 30%-ը՝ լինելով Քըլըչդարօղլուի գլխավորած Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածուն, սակայն 2021 թվականին Ինջեն դուրս է եկել կուսակցությունից և հիմնել իր կուսակցությունը։