ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայկական զորքերը գտնվում են այնտեղ, որտեղ պետք է այս պահին գտնվեն։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` ի պատասխան Եմ դեսպան Անդրեա Վիկտորինի հայտարարությանը։
Վիկտորինն այսօր հայտարարել է՝ Բրյուսելում Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպման ժամանակ զորքերի հետքաշման համատեքստում շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում։
«Ես գիտեմ, որ ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի մի շարք տարածքներ և նորից կրկնում եմ` այն ինչ մերն է, մերն է։ Եվ ուշ թե շուտ պետք է ամեն ինչ հանգի այն իրողության հետ, որ եթե ճանաչում եք մեր սահմանները, ուրեմն այդ սահմանները անձեռնմխելի են և դրա հիմնական գրավականը լինելու են մեր զինված ուժերը»,–ասաց նա։
Հիշեցնենք, որ Բրյուսելում մայիսի 14-ին կայացել է Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիևի և Շառլ Միշելի բանակցությունները։ Կողմերը հաստատել են միմյանց տարածքային ամբողջականությունը փոխադարձ ճանաչելու հանձնառությունը, վերահաստատել են իրենց աներկբա հավատարմությունը Ալմա Աթայի հռչակագրին, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։ Միշելը նաև նշել է, որ սահմանի վերջնական դելիմիտացիան կհամաձայնեցվի բանակցությունների ընթացքում։