ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում փոխադարձաբար հետ քաշել զորքերը սահմանի երկայնքով: Նա այդ մասին հայտարարեց այսօր մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի բրյուսելյան բանակցությունների արդյունքների մասին։
«Մենք հասկանում ենք, որ չափազանց կարևոր է համաձայնության գալ։ Մենք հույս ունենք, որ երկու կողմերն էլ դուրս կբերեն իրենց զորքերը և կանցնեն դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց», - նշեց Վիկտորինը։
Նրա խոսքով` Փաշինյան-Ալիև-Միշել բրյուսելյան հանդիպման ժամանակ զորքերի հետքաշման համատեքստում շատ հստակ նշվել է, որ մեկ-երկու կետ կա, որտեղ հայկական զորքերն են սահմանային տարածքներում (նկատի ունի Ադրբեջանի տարածքները. խմբ)։
Վիկտորինը հավելեց , որ չի կարող հստակեցնել, թե որ հատվածների մասին է խոսքը, բայց վստահեցրեց, որ այդ մասին խոսվել է բանակցություններում։
Հայելային հետքաշման գաղափարն առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր դեռևս 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի հատվածներում ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք։ Փաշինյանն առաջարկել էր այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով: