ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Եվրամիության նոր հակառուսական պատժամիջոցները կխստացնեն Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցման սահմանափակումները երկակի նշանակության ապրանքների համար, ինչպես նաև կազդեն նման ապրանքների արտահանման վրա: Այս մասին Բրյուսելում կայացած ասուլիսի ժամանակ ասել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցները կուժեղացնեն երկակի նշանակության ապրանքների` Ռուսաստանի տարածքով երրորդ երկրներ տարանցման սահմանափակումները, ինչպես նաև կսահմանափակեն այդպիսի ապրանքների արտահանումը որոշ երրորդ երկրներ:
Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նշել է, որ վերջին ամիսներին որոշ երկրների հետ ԵՄ առևտրի կտրուկ աճ է նկատվում: Ընդ որում, անհամապատասխանություն է հայտնաբերվել Եվրամիությունից Ռուսաստանի տարածքով տարանցիկ մատակարարումների և երրորդ երկրներ ապրանքների ժամանման միջև, ուստի ԵՄ-ն հանդես կգա տարանցման հետագա սահմանափակման օգտին։
Եվրահանձնաժողովի ղեկավարը նշել է` խոսքն այն երկրների մասին է, որոնք ապրանքները գնում են անմիջապես ԵՄ-ից, իսկ հետո Մոսկվային են փոխանցում պատժամիջոցների տակ հայտնված արտադրանքը:
«Մենք կարող ենք արգելել այդ երկրներ մատակարարումները հստակ ապացույցների առկայության դեպքում, որ խոսքը պատժամիջոցների շրջանցման և Ռուսաստան մատակարարումների մասին է»,-ասել է նա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ երկրները սկսել են Ռուսաստանի կողմից գործող առևտրային սահմանափակումների շրջանցման դեմ պայքարին ուղղված պատժամիջոցների նոր փաթեթի քննարկումը: Սև ցուցակում կարող են հայտնվել տասնյակ ընկերություններ Չինաստանից, Իրանից, Ղազախստանից և Ուզբեկստանից, որոնք Մոսկվային օգնում են ապրանքների ներմուծման հարցում: Քննարկվում է նաև Ռուսաստանի տարածքով եվրոպական ապրանքների մեծ մասի, այդ թվում` առաջադեմ տեխնոլոգիական ապրանքների տարանցման դադարեցումը։