Դատապարտյալներից մեկը մյուսին փորձել է մեթադոն փոխանցել սննդի համար նախատեսված սայլակով

Դատապարտյալը քրեակատարողական հիմնարկի ծառայողներին բանավոր հայտնել է, որ սրվակում մեթադոն է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկը մյուսին սննդի համար նախատեսված սայլակով փորձել է մեթադոն փոխանցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։
Մասնավորապես, օպերատիվ բաժնի ծառայողները տեղեկություններ են ստացել, որ տեխնիկատնտեսական սպասարկման աշխատանքներում ներգրավված դատապարտյալ Ն.Խ.-ն պատրաստվում է մեկ այլ դատապարտյալի փոխանցել կասկածելի զանգված։ Մայիսի 15-ին խուզարկվել է ազատազրկված անձանց սնունդ մատակարարելու համար նախատեսված սայլակը:
«Խուզարկության արդյունքում սայլակի մեջ եղած սննդի տարայից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված ապակյա սրվակ՝ թմրանյութին նմանվող հեղուկով: Դատապարտյալ Ն.Խ.-ն բանավոր հայտարարել է, որ սրվակում մեթադոն է»,–նշված է հաղորդագրության մեջ:
Հայտնաբերված հեղուկը հանձնվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Արմավիր» ՔԿՀ–ում դատապարտյալի մոտ մեծ քանակությամբ կասկածելի զանգվածներ են հայտնաբերել