ԱԽ քարտուղարը Բրյուսելում ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները

ՆԱՏՕ-ի մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե անդամներիի հետ հանդիպմանը Գրիգորյանը կարևորել է հայկական կողմի հանձնառությունը՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամներին Բրյուսելում ներկայացրել է վերջին շրջանում Վաշինգտոնում և Բրյուսելում ընթացած հայ-ադրբեջանական բանակցությունների մանրամասները: Այս մասին հայտնում է ԱԽ քարտուղարն իր ֆեսյբուքյան էջում։
Հանդիպմանը կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգային միջավայրին առնչվող հարցեր:
«Ներկայացրել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և ԼՂ-ում առաջացած հումանիտար ճգնաժամը, որը պարունակում է էթնիկ զտման ռիսկեր: Կոչ եմ արել միջազգային հանրությանն արձագանքել՝ վերոնշյալը թույլ չտալու նպատակով»,–գրել է Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարը նաև կարևորել է հայկական կողմի հանձնառությունը Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման վերաբերյալ:
Անդրադարձ են կատարել ՀՀ-ՆԱՏՕ երկկողմ գործընկերության զարգացման հարցերին, մասնավորապես՝ Անհատապես հարմարեցված գործընկերության ծրագրին:
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Բրյուսելում կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։
Եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելը հայտարարեց, որ հաջորդ քայլը լինելու է դելիմիտացիան Ալմա Աթայի հռչակագրով, որը ենթադրում է Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչում 29,8 հազար քառ.կմ-ի սահմաններում և Ադրբեջանինը` 86,6 հազար քառ.կմ-ի սահմաններում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրների վերաբերող հարցեր: