ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik․ Հայտնի են «Եվրատեսիլ - 2023» երգի մրցույթում Հայաստանից SMS քվեարկության արդյունքները։ Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է միավորների ցանկը։
Այսպիսով` հայ հանդիսատեսը ամենաշատը քվեարկել է Իսրայելի օգտին (12 միավոր), 10 միավորը մենք տվել ենք Ֆրանսիային, 8-ը` Կիպրոսին։ Հաջորդիվ Շվեդիան է` 7 միավոր, Ֆինլանդիան` 6 միավոր, Լեհաստանը` 5, Նորվեգիան` 4, Իտալիան` 3, Շվեյցարիան` 2 և Ուկրաինան 1 միավորով։
Հայաստանի պատվիրակ Բրյունետը
© AP Photo / Martin Meissner
Նշենք, որ Հայաստանի ազգային ժյուրին իր 12 միավորը նույնպես տվել էր Իսրայելին, 10 միավորը` Շվեդիային, 8 միավորը` Ֆինլանդիային։
Հայաստանն այս տարի 12 միավոր ոչ մի պետությունից չստացավ։ 10 միավոր մեր երկիրը ստացավ Վրաստանից ու Ալբանիայից։ Ազգային ժյուրիների քվեարկության արդյունքում մեր երկիրը ստացավ 69 միավոր, իսկ հանդիսատեսի քվեարկությամբ` 53 միավոր։ Հայաստանի պատվիրակ Բրյունետն այս երաժշտական մրցույթին ներկայացել էր Future lover երգով։ 122 միավորով նա զբաղեցրեց 14-րդ տեղը։
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2023» երգի մրցույթում հաղթեց Շվեդիայի ներկայացուցիչը` 583 միավորով։ Մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ֆինլանդիան, երրորդ հորիզոնականը՝ Իսրայելը։
Շվեդիան ներկայացնում էր երգչուհի Լորենը` «Tattoo» երգով։ Նշենք, որ նա արդեն երկրորդ անգամ էր «Եվրատեսիլի» բեմում ու մրցույթի պատմության մեջ երկրորդ մասնակիցը, որ երկրորդ անգամ հաղթում է։
Առաջին անգամ Լորենը մասնակցել էր ու հաղթել «Եվրատեսիլում» 2012-ին, իր «Euporia» երգով։
Նշենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթն անցկացվում է ամեն տարի՝ սկսած 1956 թվականից։ Այն աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է: Մրցույթի լսարանը հասնում է 600 միլիոնի։