Բելառուսն արևմտյան սահմաններին հրթիռային համակարգեր և ՀԿՌՀ-ներ է տեղակայել

Պոլոնեզ
Բելառուսական բանակում ընթանում է ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար ներգրավված զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության համալիր ստուգման հերթական փուլը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Բելառուսի արևմտյան սահմանների մոտ տեղակայված են մարտավարական հրթիռային համալիրներ և ՀԿՌՀ-ներ, հայտնում է հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Բելառուսի զինված ուժերում մայիսին շարունակվում է մարտական պատրաստության ստուգումը։ Տեղանքի նշված հատվածներում գործում են մեխանիզացված միավորումների, հատուկ գործողությունների ուժերի, հրթիռային զորքերի և հրետանու մի շարք ստորաբաժանումներ:
«Արևմտյան սահմանների մոտ (Բելառուսի` խմբ.) գտնվում են մարտավարական հրթիռային համալիրներ և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր։ Բանակը հստակ ցույց է տալիս, որ Բելառուսի դեմ ագրեսիայի ցանկացած փորձի անմիջապես կպատասխանեն մեր «Պոլոնեզն» ու «Տոչկան»»,-ստուգման ընթացքը մեկնաբանել է ВоенТВ հեռուստաալիքի հաղորդավարը կիրակի օրը Բելառուսի պաշտպանական գերատեսչության Telegram-ալիքում տեղադրված տեսանյութում:
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացրել էր, որ մայիսին կանցկացվի ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար ներգրավվող զորամասերի և ստորաբաժանումների մարտական պատրաստության համալիր ստուգման հերթական փուլը: Առաջին հերթին ստուգման կենթարկվեն Գրոդնոյի, Բրեստի և Մինսկի շրջաններում տեղակայված զորամասերն ու ստորաբաժանումները։
Բացի Ռազմաօդային ուժերի և ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներից, զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերից, օպերատիվ հրամկազմից, հրթիռային զորքերից և հրետանուց, ներգրավվելու են նաև ապահովման ստորաբաժանումներ: Նախատեսվում է իրականացնել զինապարտների զորակոչ, որոնց ընդհանուր թիվը հազարը չի գերազանցի։