ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Թուրքիան չի պատրաստվում սպասել F -35 կործանիչների գնման` ԱՄՆ ծրագրի վերադարձին, այն ձգտելու է հասնել 1,4 մլրդ դոլարի վերադարձին: Այս մասին CNN Türk-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք հիմա ուզում ենք ստանալ մեր փողերը։ Մենք ուզում ենք, որ վճարած գումարները վերադարձվեն։ Նախարարության մեր ընկերները հավաքվել և դիտարկել են այն քայլերը, որոնք այսուհետ ձեռնարկելու ենք։ Մենք հիմա հոգ ենք տանում մեր մասին: Մենք չենք ուզում նստել և սպասել Կոնգրեսի հավանությանը, չենք ուզում, որ իրավիճակը վերածվի «օձի պատմությանը», ինչպես Patriot ՀՕՊ-ի հետ եղավ», - ասել է Չավուշօղլուն։
Ավելի վաղ ԱՄՆ-ն պաշտոնական ծանուցում էր ուղարկել Թուրքիային նորագույն F-35 կործանիչների մատակարարման ծրագրից նրան հեռացնելու մասին՝ Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով:
ԱՄՆ-ն չեղյալ էր հայտարարել Թուրքիայի հետ F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը՝ այն ստորագրելով F-35 նախագծի մյուս յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետագայում հայտնել էր ԱՄՆ-ի առաջարկի մասին՝ գնել ոչ թե հինգերորդ սերնդի կործանիչներ, այլ չորրորդ սերնդի F-16-ներ։