ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Մինչ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Շառլ Միշելը նրանց հետ առանձին–առանձին կհանդիպի։ Տեղեկությունը հայտնում են մի շարք լրատվամիջոցներ:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի կայքում հայտարարվել էր մայիսի 14-ին Բրյուսելում կայանալիք եռակողմ հանդիպման մասին։
Դրանից հետո մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ եռակողմ հանդիպումը կսկսվի օրվա երկրորդ կեսին, իսկ դրանից առաջ Միշելը նախ կհանդիպի Փաշինյանի, ապա Ալիևի հետ: Այդ տեղեկության պաշտոնական աղբյուրներ չեն նշվում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ չնայած Սոթքի շուրջ լարվածությանը, մայիսի 14-ին կմեկնի Բրյուսել՝ բանակցելու Ալիևի հետ: Փաշինյանը քիչ հավանական է համարում վաղն Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, քանի որ դրա նախագիծը մինչև վերջ համաձայնեցված չէ:
Հիշեցնենք` հաղորդվում էր նաև, որ երկու երկրների ղեկավարները կարող են հանդիպել հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին: Իսկ ավելի ուշ պաշտոնական Բաքուն հայտարարեց, որ հանդիպմանը մասնակցելու որոշում դեռ չի կայացվել: