Հայ-ռուսական համալսարանը նոր ռեկտոր է ընտրել

Հայկական կողմն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը` հաստատել Էդվարդ Սանդոյանի ընտրության արդյունքները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայ-Ռուսական համալսարանը նոր ռեկտոր ունի` պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը, որն ընտրվել է մայիսի 12-ին համալսարանի ընդհանուր ժողովում։ Տեղեկությունը հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։
«ՀՌՀ-ի պրոֆեսորադասախոսական, վարչական կազմերից և ուսանողներից ընտրված պատվիրակները փակ գաղտնի քվեարկությամբ (216 կողմ և 147 դեմ ձայների հարաբերակցությամբ) տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանին ընտրել են ռեկտորի պաշտոնում: Մինչև քվեարկության մեկնարկը՝ ՀՌՀ ռեկտորի մեկ այլ թեկնածու, փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանն ինքնաբացարկ էր հայտնել»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ գործող ընթացակարգի համաձայն՝ ՀՌՀ-ի կոնֆերանսի կողմից ընտրված ռեկտորին պետք է հաստատեն համալսարանի հայաստանյան և ռուսաստանյան համահիմնադիրները։
Հայկական կողմն արդեն հայտնել է իր պատրաստակամությունը` հաստատել Էդվարդ Սանդոյանի ընտրության արդյունքները։
Արմեն Դարբինյանը հեռանում է Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնից
Հիշեցնենք, որ Հայ-Ռուսական համալսարանի հայաստանյան համահիմնադիրը՝ ի դեմս ՀՀ ԿԳՄՍ նախարարի, համապատասխան գրություններով դիմել էր ռուսաստանյան համահիմնադրին և համալսարանի գործող ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ հայտնելով նաև ընտրության համար նախընտրելի թեկնածուների անունները: Դրանք էին՝ տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը:
Իսկ համալսարանի երկարամյա ռեկտոր, կոլեկտիվի միասնական թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ, պրոֆեսոր Արմեն Դարբինյանը նախօրոք որոշում էր կայացրել չառաջադրվել:
հավելենք, որ Էդվարդ Սանդոյանը 1998–ի ապրիլից մինչև 1999–ի հունիսը եղել է ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարարը։