ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որն այսօր առավոտյան Հռոմ է ժամանել:
Վատիկանում հավատարմագրված լրագրողներին հայտնի է դարձել, որ հանդիպումը տեղի է ունեցել ոչ թե Առաքելական պալատում, որտեղ պապն ընդունում է պաշտոնական այցով ժամանած պետությունների և կառավարությունների ղեկավարներին, այլ Պողոս VI-ի դահլիճներից մեկում, որը սովորաբար օգտագործվում է համընդհանուր ընդունելությունների համար:
Ավելի վաղ Սուրբ Աթոռին կից աղբյուրը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ տեղի է ունեցել մասնավոր այց, որը նախապես ծրագրված չէր. այն գրեթե վերջին պահին է համաձայնեցվել:
Հանդիպման ժամանակ Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն է հայտնել Զելենսկուն այցի համար, Զելենսկին էլ իր հերթին նշել է, որ իր համար մեծ պատիվ է այցելել Հռոմի պապին։
Զրույցը, որը տեղի է ունեցել փակ դռների հետևում, մոտ 40 րոպե է տևել: Կողմերը հուշանվերներ են փոխանակել: Ֆրանցիսկոս պապը Զելենսկուն նվիրել է ձիթենու ճյուղ պատկերող փոքրիկ քանդակ և ստացել Աստվածամոր պատկերը զրահաբաճկոնի մի հատվածի վրա։
Սա Զելենսկու երկրորդ այցն է Վատիկան, առաջին անգամ նա Իտալիա է մեկնել 2020 թվականի փետրվարին։ Այն ժամանակ Ֆրանցիսկոս պապի հետ հանդիպումից հետո նա ընդգծել էր, որ «ոգեշնչված է Ուկրաինայում խաղաղության մասին զրույցից» և հայտնել էր, որ Հռոմի պապին Կիև է հրավիրել:
Հավելենք, որ այսօր Զելենսկին Հռոմում հանդիպել է նաև Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի և վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ։