Ադրբեջանական սադրանքից զոհված Նարեկը տան միակ տղան էր, զորացրվելուն 50 օր էր մնացել

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շեշտել է, որ Նարեկն անչափ զուսպ էր, համեստ ու հայրենասեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik․ Ադրբեջանական սադրանքի պատճառով նախօրեին զոհված 20-ամյա Նարեկ Բաղդասարյանը, որը Գառնի համայնքից էր, տան միակ տղան էր, զորացրվելուն էլ ընդամենը 50 օր է մնացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գառնու համայնքապետ Տիգրան Պողոսյանը։
Նարեկը 2 քույր ունի, ծնողները գյուղատնտեսությամբ են զբաղվում։
«Ընտանիքում 3 երեխա էին, քույրերն իրենից մեծ են, ամուսնացած են։ Գյուղում նրան հաճախ էի տեսնում։ Տարիքային տարբերությունը մեծ էր, առանձնապես չենք շփվել, բայց հստակ կարող եմ ասել՝ Նարեկը խելացի, լավ մարդ էր,»,- նշեց Պոսոսյանը։
Համայնքապետը նաև ընդգծեց, որ 20-ամյա Նարեկի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ հուղարկավորությունը՝ վաղը։
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն էլ «Ֆեյսբուքում» ցավակցություն է հայտնել Նարեկի զոհվելու առնչությամբ։ Նա գրել է, որ հարազատական ամենամոտ կապերն ուներ ու Նարեկին մանկուց է ճանաչել։
Ահարոն Սահակյանը տղային նկարագրել է որպես անչափ զուստ, համեստ և հայրենասեր։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն հրետանային միջոց է կիրառել Գեղարքունիքի մարզի Նորաբակի և ականանետ` Վերին Շորժայի ուղղությամբ։
Մայիսի 12-ին Ադրբեջանը կրակել է Կութ գյուղի ուղղությամբ, Սոթքի ուղղությամբ կիրառել ԱԹՍ։ Թշնամու կրակոցների հետևանքով զոհվել է մեկ, վիրավորել 2 զինծառայող
2 օրերի սադրանքների հետևանքով հայկական կողմն ընդհանուր ունի 1 զոհ (Նարեկ Նորայրի Բաղդասարյանը` ծնվ. 2003 թ), 6 վիրավոր։