«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» նախաձեռնության անդամները ակցիա են անցկացրել դեսպանատների մոտ

Երիտասարդները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներից ակնկալում են կոնկրետ քայլեր, այլ ոչ թե կոչեր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաք նախաձեռնող երիտասարդների խումբն այսօր Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճեններն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին և ՀՀ կառավարությանը։

«Քանի որ Արցախից կազմակերպիչներն անձամբ չեն կարողանում գալ մասնակցել, մենք ենք եկել ստորագրությունները հանձնելու»,–ասաց երիտասարդներից մեկը` Գարիկ Գևորգյանը։

Նա հայտարարեց, որ սա քաղաքական շարժում չէ և իրենք քաղաքական գործիչներ չեն, բայց հավաքվել են արցախցու ձայնը աշխարհին լսելի դարձնելու համար։
Ստեփանակերտից Տիգրան Միքայելյանը Երևան է եկել ուսման համար և հիմա չի կարողանում իր ընտանիքի անդամներին տեսնել, որոնք շրջափակված են Արցախում։
«Մենք ակնկալում ենք սպառիչ գործողություններ, ոչ թե կոչեր»,–ասաց Միքայելյանը։
Նա նշեց, որ այսօր Արցախում ապրող յուրաքանչյուր հայ բազմաթիվ խնդիրների է բախվում։ Եթե դեղորայքի, սննդի հետ կապված խնդիրները քիչ թե շատ հաղթահարվում են, անվտանգային հարցերը, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակում են հուզել մարդկանց։
ՀՀ ՄԻՊ-ը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին է ներկայացրել Արցախի հումանիտար իրավիճակը
Խմբի ներկայացուցիչները պահանջագիրը հանձնեցին Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, ԱՄՆ դեսպանատուն, Ֆրանսիայի դեսպանատուն, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ և ՀՀ կառավարություն։
Արցախի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով կոչ է արվում ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումը և դադարեցնել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ից Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Այս տարվա փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց էր կիրառել` պարտադրելով ապաշրջափակել Լաչինի ճանապարհը։
2 ամիս անց այս որոշումը ոչ միայն չի կիրառվել, այլև ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ է տեղադրել Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ իր վերահսկողության տակ առնելով։