Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի դեմ

Հակառակորդի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում էականորեն նվազել է. ՊՆ

Կութ գյուղը
Պաշտպանության նախարարությունը հաջորդիվ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ժամը 21:00-ի դրությամբ հակառակորդի կրակի ինտենսիվությունը Սոթքի և Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ էականորեն նվազել է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունից խոստանում են հանդես գալ լրացուցիչ հաղորդագրությամբ:
Նշենք, որ այսօր ժամը 16:50-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից կրկին կրակ էին բացել Կութ գյուղի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Նույն ինտենսիվությամբ թշնամին կրակում էր նաև Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերին։ Ինտենսիվությունը պահպանվեց մինչև 20։40–ը։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մայիսի 11–ին հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն այդ սադրանքի հետևանքով ունի 4 վիրավոր։
Նույն օրը Ադրբեջանի ԶՈւ–ն Գեղարքունիքի մարզի Նորաբակ համայնքի ուղղությամբ է կրակել՝ կիրառելով հրետանային միջոց, ապա Վերին Շորժայի ուղղությամբ ականանետ է կիրառել:
Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, Ադրբեջանը Սոթքի ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով ԱԹՍ։ Վիրավորում են ստացել ՀՀ ԶՈւ 2 զինծառայող: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է բավարար, մյուսինը՝ ծանր։