«Գլորիա» ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է և տեղափոխվել ՀՀ

Ձեռնաշղթա
Տղամարդը հայտնաբերվել է Բելառուսի Հանրապետությունում, Հայաստան տեղափոխվելուց հետո կալանավորվել է։ 24-ամյա երիտասարդը չի ընդունում իր մեղքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի դստեր` Դիանա Դարբինյանի սպանության մեջ կասկածվողը հայտնաբերվել է Բելառուսում և տեղափոխվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդը»։
Սպանությունը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 28-ին։ Ժամը 01։30-ի սահմաններում Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց հանցագործը կրակոցներ է արձակել «Land Rover» մեքենայի ուղղությամբ, որում 3 անձ է եղել։ Կրակոցների հետևանքով մահացել է 27-ամյա Դիանա Դարբինյանը, ամուսինն էլ վիրավորվել է։
Պարբերականի տվյալներով` սպանության մեջ կասկածվողը 24-ամյա Լևոն Ավետիսյանն է, որը Դիանա Դարբինյանի ամուսնու բարեկամն է։ Տղամարդն արդեն կալանավորված է, սակայն իր մեղքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը վստահեցրել է, որ կամայական արդարադատություն է իրականացվում, և Ավետիսյանը կապ չունի այս սպանության հետ։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հովսեփ Սարգսյանն էլ հայտնել է, որ գործով վկայի նկատմամբ ճնշումներ կան, և վերջինս որոշել է հրաժարվել նախկինում տված իր ցուցմունքից։
Նշվում է, որ 24-ամյա Լևոն Ավետիսյանը 2021 թվականի օգոստոսի 3-ից հետախուզվում էր այն ժամանակվա ՀՀ քրեական օրենսգրքի 34-104–րդ հոդվածի (սպանության փորձ) և 104-րդ հոդվածի (սպանություն) և մի շարք այլ հոդվածների մեղադրանքով։